Այս իշխանություններից պրծնելու միջոցն ահաբեկչությո՞ւնն է
«Երկրում իրավիճակ է փոխվել՝ հանրաքվեն՝ իր բոլոր կեղծիքներով, մի դրական դեր է խաղացել՝ կայացավ մի մոդել, երբ մի հարցի շուրջ ժողովուրդը գնաց քվեարկեց մի կերպ, բայց հայտարարվեց այլ արդյունք: Մենք հնարավոր ամեն ինչ արել ենք ժողովրդի ձայնը պահելու համար, ու ճակատամարտ գնաց այդ ժամանակ: Հայաստանում ուղղակի հնարավոր չէ ընտրությունների միջոցով փոխել իշխանությունը»,- Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ տեղի ունեցած այսօրվա քննարկմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ հավաքվել են հասկանալու՝ «այս իշխանություններից պրծնելու միջոցն ահաբեկչությո՞ւնն է, թե՞, այնուամենայնիվ, կարելի է մի բան անել, որ հարցերը լուծվեն ոչ թե՝ ահաբեկչությամբ, այլ՝ քվեաթերթիկով»: «Մենք հավաքվել ենք այդ հարցը լուծելու»,- ասաց նա: Նա ընդգծեց՝ իշխանությունների կեցվածքը զարմանալի է. «Չեն եկել քննարկմանը, իրենք իրենց նախագիծն ուղարկել են Վենետիկի հանձնաժողով: Եթե դա լիներ ազգի իշխանությունը, առաջինը կբանակցեր սեփական հասարակության հետ, կփորձեր գալ նախնական նախագծի, նոր կուղարկեր Վենետիկ: Նրանք ուզում են իրենց բանակցային թիկունքն ապահովել, իրենց նախագծի համար ստանալ «դաբրոներ»: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նրանք անազնիվ են, ու նպատակն է՝ ընտրությունների կեղծումը: Մեր նպատակն այսօր պետք է լինի ընտրակեղծարարության դաշտի հնարավորին չափ նեղացումը: Պետք է Ընտրական օրենսգրքի մեջ անցկացվեն հեղափոխական մոտեցումներ, որոնք կնեղացնեն ընտրակեղծիքների չափը»:
