«Երբ իշխանությունը փոխվի, «հերձումը» ցույց կտա, թե ինչո՞ւ էր Հայաստանի իշխանությունը լոյալ վերաբերվում Բաքվի կապրիզներին»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանում անցկացվող COP29 համաժողովն առիթ էր Բաքվում պահվող մեր ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին բարձրաձայնելու համար: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է՝ եթե դիտարկենք, թե ինչ ճանապարհ է անցել գերիների վերադարձի հարցը, կտեսնենք, որ այդտեղ թելադրողը եղել է ադրբեջանական կողմը:

«Կնքվեց եռակողմ հայտարարությունը, պետք է գերիները «բոլորը բոլորի դիմաց» վերադարձվեին: Այդպես չեղավ: Բաքուն ասում է, որ գերիները, որոնց իրենք չեն վերադարձնում, գերեվարվել են եռակողմ հայտարարությունից հետո: Բայց այդպես չէ, կան մարդիկ, որոնք գերեվարվել են պատերազմի ընթացքում: Ալ յոշա Խոսրովյանը և Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել են հոկտեմբերին, դատապարտվել են ազատազրկման, քանի որ, ըստ ադրբեջանական կողմի, իրենք «ռազմական հանցագործներ» են, իբր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ կտտանքներ են կիրառել և այլն: Բայց եռակողմ հայտարարությունը չէր ասում, որ կա գերիների տարբերակում, «բոլորը բոլորի դիմաց» պետք է վերադառնային տուն: Երբ իշխանությունը փոխվի, երևի «հերձումը» ցույց կտա, թե ինչո՞ւ էր Հայաստանի իշխանությունը լոյալ վերաբերվում Բաքվի կապրիզներին, որ ում կցանկանան, բաց կթողնեն, ում չեն ցանկանա՝ չեն թողնի: Տրամաբանական պատասխան այս հարցին չկա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:

Վերհիշում է՝ երբ անցած տարի Ադրբեջանն «ազատ արձակեց» գյումրեցի գերիներին, դա եղավ հենց Ադրբեջանի պայմանով, որ Հայաստանը կողմ լինի Բաքվում COP29 համաժողովի անցկացմանը: «Պետք է միաձայնությամբ որոշվեր, թե որտեղ է անցկացվելու համաժողովը: Հայաստանն իր վետոյի իրավունքից հրաժարվեց, համաձայնեց, որ միջոցառումն անցկացվի Բաքվում: Բաքվին դա պետք էր, որ ամբողջ աշխարհին ցույց տա, թե ինչպես է Ադրբեջանը զարգանում, մեղադրանքներ հնչեցնի Հայաստանի հասցեին և, այսպես ասած, Ղարաբաղի հարցը «ջրի»: Այս պայմանով 32 գերի վերադարձավ հայրենիք: Ի դեպ, նրանց գերության մեջ հայտնվելն էլ խիստ անհասկանալի էր: Արայիկ Հարությունյանն ասում էր՝ հայկական քարտեզներն ադրբեջանական քարտեզների հետ չէին համապատասխանում, Խծաբերդի կողմերում տղաներին գերի վերցրեցին: Նրանց տարան այնտեղ, ադրբեջանցիներն ասացին՝ չէ, սա մեր տարածքն է, գերի վերցրեցին: Նրանք նույնիսկ պատերազմական գործողությունների չէին մասնակցում, «անմեղ գերիներ» էին, որոնք վերջին պահին՝ պատերազմից հետո բերվեցին մի տեղ, որը հայկական կողմը մտածում էր՝ իրենն է, ադրբեջանցիներն ասում էին՝ ոչ, մերն է, ու գերի վերցրեցին տղաներին: Էլի ինչ-որ կապրիզի, առանց հիմքի գործողության հետ գործ ունենք»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ այս փուլում, բացի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից, Բաքվում էլի գերիներ ունենք: «Մարդիկ կան, որոնց արդեն դատել են ամենատարբեր մեղադրանքներով: Բաքվի քմահաճույքն է, կցանկանան՝ կհամարեն գերի, կցանկանան՝ կհամարեն հանցագործ:Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը: Նա պաշտոնապես չի բարձրացնում գերիների հարցը, փորձում է բոլորին համոզել, որ ինքը չի բարձրացնում, բայց «տակից» ինչ-որ աշխատանք են անում, և դրսից ինչ-որ ուժեր բարձրացնում են այդ հարցը: Եթե վախենում են Ադրբեջանի ինչ-ինչ ռեակցիաներից, կարող են դիվանագիտական տարբերակներով այս հարցերի մասին խոսել, այն պետք է լինի մեր օրակարգում, և պարբերաբար այս մասին խոսվի, որպեսզի աշխարհն իմանա, որ շահագրգռվածություն կա: Վերջերս մի արտահոսք եղավ, որն իշխանությունները չհերքեցին: Կազանում, երբ հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը, գերիների հարցը բարձրացվել է: Ալիևը Փաշինյանին հեգնանքով հարցրել է՝ բա Ռուբեն Վարդանյանի հարցը ինչո՞ւ չեք դնում, Փաշինյանն արձագանքել է՝ չենք դնում, որովհետև գիտենք, որ բաց չեք թողնի: Ալիևն էլ իր հերթին ասել է՝ ուրիշ երկրից դնում են, ակնարկելով Ռուսաստանին: Հայաստանի իշխանությունը պետք է հանրայնորեն հստակ դիրքորոշում արտահայտի, որ մնացածին էլ հեշտ լինի պաշտպանել այդ հարցը: Խորհրդարանում օրերս չընդունեցին գերիների հարցով հայտարարությունը: Զավեշտալի մեղադրանքներ էին հնչում: Ինչպես Արմեն Ռուստամյանն ասաց` ընդդիմությանը մեղադրում են, որ նա չի ուզում գերիների հարցը լուծվի այն պարագայում, երբ ընդդիմադիր պատգամավորի՝ Գեղամ Մանուկյանի եղբայրը՝ Դավիթ Մանուկյանը, գերեվարված է»,-հավելում է քաղաքական վերլուծաբանը:

Գործող իշխանությունների տարբեր հայտարարություններ ոչ այնքան զարմացնում են, որքան զգացողություն փոխանցում, թե որքան դժվար է լինելու իշխանափոխությունից հետո իրադարձությունների անիվը հետ պտտել և հօգուտ մեր պետության ինչ-որ բան անել: Արտաքին քաղաքականությունը ձևավորող գերատեսչության ղեկավարն ասում է՝ Արցախյան հիմնահարցը, Ցեղասպանության ճանաչման հարցը մեր օրակարգի առաջնահերթություններից չեն: «Երբ իշխանությունը փոխվեց, այդ ամբողջը հետ պտտելը շատ դժվար է լինելու, հաջորդ իշխանությունը շատ մեծ խնդիրների է բախվելու: Այս իշխանություններին բնորոշ մի բան կա այս խաղաղասեր ձևանալու պրոցեսի մեջ՝ իրենց խոսքերը չեն ընտրում: Դա երևի Նիկոլ Փաշինյանից անցել է բոլորին: Ինչ-որ բան են ասում, հետո փոշմանում են, կես քայլ այս ու այն կողմ են անում: Ազգային ժողովում արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը մի քիչ սրբագրեց Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ իբր նա նկատի է ունեցել, որ այս պահին այդ հարցերն առաջնահերթ չեն, այլ ոչ թե ընդհանրապես չկան:

Իշխանությունները դեմ չեն, որ այս հարցերով զբաղվի Սփյուռքը, բայց այնպես զբաղվի, որ իրենց վրա ստվեր չընկնի, օրինակ՝ Էրդողանի հետ խոսելիս ասեն, որ իրենք որևէ բանի հետ կապ չունեն, դաշնակները և մյուսներն են բարձրացնում այդ հարցերը: Սփյուռքում այս հարցերով զբաղվող հին կառույցները հասկանում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչպիսի դիրքորոշում ունի իշխանությունը և նմանատիպ հայտարարություններից թևաթափ չեն լինի ու կշարունակեն այս հարցերը բարձրացնել: Բայց, իհարկե, այդ ամբողջը մթնոլորտ է ստեղծում և ազդում է մարդկանց վրա ու անհետևանք չի մնում: Մարդկանց մեջ հոգեբանություն է ձևավորվում, փոփոխություններ են կատարվում, հետո դժվար է լինելու այդ ամենը վերականգնել, երբ ոտքի կանգնենք:

Մեր պատմությունը ցույց է տվել, որ երբ Հայաստանն այս բոլոր հարցերը բարձրացնում էր, մի քանի անգամ ավելի ապահով վիճակում էր, քան հիմա, երբ ոչ մի հարց չի բարձրացնում, ասում է՝ ամենախաղաղասերն եմ: Հայաստանի դիրքերն ամենաուժեղն են եղել այն ժամանակ, երբ կոնկրետ հարցադրումներ են եղել թե՛ Ցեղասպանության, թե՛ Արցախի հարցում: Այն ժամանակ դաշնակիցներ ենք ունեցել: Իսկ հիմա, երբ ոչ մեկից ոչինչ չես պահանջում, դաշնակիցն ի՞նչն ես անում, նա ի՞նչը պաշտպանի: «Խաղաղության օրակա՞րգը», որը Նիկոլ Փաշինյանը բոլորին ցույց է տալիս, չգիտես էլ, թե ինչու: Ասենք, Սլովակիայի վարչապետն ի՞նչ գործ ունի այս ամենի հետ: Ամեն ինչ շոուի է վերածվել ու ձևի, բովանդակություն չկա: «Նախկինները» չասելով իրագործում էին «Արցախը Հայաստան է և վերջ» գաղափարը, իսկ Նիկոլն արեց հակառակը՝ սկսեց խոսել, բայց արդյունքն էլ տեսանք, թե ինչ եղավ»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

դիտվել է 162 անգամ
Լրահոս
ԵՄ-ն անիրատեսական կանոններ է մտցնում գրաքննությունից հրաժարվելու պատճառով ընկերություններին պատժելու համար. Պավել Դուրով Մեկ ամիս է՝ ես Հովհաննավանք չեմ գնում, եկեղեցին պետք է սրբագործվի. Տեր Սարգիս Արշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն եւ շինծու մեղադրանքով. Գարեգին Բ Եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է եկեղեցին բարեփոխել, նախ պիտի սկսի իրենից, իր ընտանիքի անդամներից. Տեր Վրթանես քահանա Բաղալյան Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան Հաջիևը Դոհայի ֆորումում հայտարարել է Հարավային Կովկասում «նոր ստատուս քվոյի» մասին․ Al Jazeera Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում Զելենսկին ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ խաղաղության պլանի վերաբերյալ իր բանակցությունները Ծեծկռտուք «Յուղերի Խաչմերուկի» մոտ. հայտնի է մասնակիցների ինքնությունը և դրդապատճառը Բաքվի՝ այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթն այնքան է ենթարկվել ինստիտուցիոնալացման, որ «5 րոպե պակաս» նախապայման է Հայաստանի հետ հարաբերություններում. իրանագետ «Դաշնակցությունը փակելու մասին հայտարարություն անողները չեն պատկերացնում Դաշնակցության էությունը». Արսեն Համբարձումյան Եվրամիությունը պետք է լուծարվի. Իլոն Մասկ Խեղկատակությունը շարունակվում է. մեկ միմոսի կրկես... Հայաստանի ավտորիտար շրջադարձը. Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Եկեղեցու նկատմամբ հետապնդումները Բայց դուք հասկանու՞մ եք ինչ կատարվեց վերջին 5 տարում Ես Կառլսոնին ասել եմ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ նրա վերջին նյութը դրական չէ խաղաղություն խթանելու համար. Հաջիևը՝ Թաքեր Կառլսոնի և Նարեկ Կարապետյանի հարցազրույցի մասին Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը հասկացել են, որ ամենից առաջ մեզ խաղաղություն է պետք. Հաջիև Դաշնակցությունն անցյալ ունեցող, ներկայով ապրող, ապագայի կազմակերպություն է. Իշխան Սաղաթելյան Ադրբեջանը գործադրում է բոլոր ջանքերը Հայաստանի հետ հարաբերություններում խաղաղ օրակարգ առաջ մղելու համար. Հաջիև Արամ Ա-ն հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ. քննարկվել են «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցեր Փոստանջյանը հաղորդում է ներկայացրել Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին ահաբեկելու մասին Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Kia Forte»-ն․ կա 4 վիրավոր Սյունիքի պարեկներն ու բժիշկները փրկել են անգիտակից վիճակում գտնվող 2-ամյա երեխայի կյանքը Փաշինյանի համար Գյումրիում պատարագ է մատուցելու Սուրբ Սարգսի քահանա Արարատ Օրդոյանը Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով վեց մարդ է զոհվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am