Մայր Աթոռում կատարվեց միասնական աղոթք գերեվարված հայորդիների ազատության համար

Մայր Աթոռից տեղեկացնում են, որ կատարվել է միասնական աղոթք գերեվարված հայորդիների ազատության համար։

«Նոյեմբերի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱՀ իշխանության ներկայացուցիչներ, Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ պատանդների ու գերիների ընտանիքների անդամներ։

Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց միասնական աղոթք, որը Նորին Սրբության տնօրինությամբ նույն օրը տեղի կունենա նաև Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում։

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական ուղերձը հղեց համայն հայ ժողովրդին։

Այնուհետև Հայոց Հովվապետը, Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հավատացյալ ժողովուրդը աղոթք վերառաքեցին առ Աստված բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես գերեվարված հայորդիների ազատության համար։

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ

ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Սիրելի հավատավոր ժողովուրդ,

Այս պահին համախմբվել ենք այս սուրբ Տաճարի օրհնյալ կամարների ներքո միասնաբար աղոթելու Արցախից բռնի տեղահանված և գաղթական դարձած մեր քույրերի ու եղբայրների և նրանց իրավունքների վերականգնման, հատկապես գերեվարված հայորդիների ազատության և իրենց ընտանիքներ վերադարձի համար։ Մեր հայցն է, որ Երկնավոր Տերը զորացնի հայրենազուրկ ու տնազուրկ դարձած արցախցիներին, նվաստացումների ենթարկվող, ցավ ու տառապանք կրող մեր գերյալ զավակներին ու նրանց հարազատներին, որոնք նույնպես աղոթակից են մեզ Միածնաէջ այս սուրբ տաճարում։

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով բռնազավթվեց և հայաթափվեց Արցախը, ավելի քան հարյուր քսան հազար հայեր բռնությամբ տեղահանվեցին իրենց հինավուրց բնօրրանից, զավթվեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանամերձ տարածքներ, պղծման ու ոչնչացման են ենթարկվում Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը, հայկական գյուղեր, գերեզմանատներ ու հուշակոթողներ։

Այսօր միասնական մեր աղոթքը հնչեցնում ենք որպես կոչ արդարության ու արդարադատության՝ ընդդեմ մարդկության հանդեպ կատարվող ոճրագործությունների, ընդդեմ արցախահայության նկատմամբ իրականացված ցեղասպան գործողությունների, այլև ընդդեմ Արցախի հոգևոր-մշակութային արժեքների բարբարոսական ոչնչացման և Բաքվի բանտերում անօրինաբար արգելափակված մեր զավակների։ Արդի աշխարհում, ուր մեծապես կարևորվում է մարդկային ազատությունների ու իրավունքների գերակայությունը, անհանդուրժելի են նման երևույթները և պետք է արժանանան խստագույն դատապարտման։

Վաղը Ադրբեջանի մայրաքաղաքում նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի մասնակիցների գագաթնաժողովի 29-րդ նստաշրջանը։ Հավատում ենք, որ Միավորված ազգերի կազմակերպության առաքելության հիմքում դրված մարդկային կյանքի և արժանապատվության պաշտպանության, արդարադատության գործադրման անփոփոխելի ու անզիջելի արժեքները ազդու միջոցներով պիտի իրենց արտահայտությունը գտնեն նաև մեր գերյալ զավակների ազատ արձակման և արցախահայության իրավունքների պաշտպանության գործում։ Այս առումով Մենք պաշտոնապես դիմել ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար տիար Անտոնիու Գուտեռեշին, որպեսզի ՄԱԿ-ի բարձր ատյանից զորակցություն ցուցաբերվի գերյալների հրատապ ազատ արձակման կարևոր գործին։

Սիրելիներ, այսօր խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ են ընթանում Հայաստանի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական պարտադրանքների ու սպառնալիքների ներքո։ Սակայն քաջ հայտնի է՝ խաղաղությունը հարատև և հաստատուն է, երբ կառուցվում է արդարության և ճշմարտության ամուր հիմքերի վրա։ Այդպիսի խաղաղությունն է, որ բարի արգասիքներ է բերում մարդկության կյանքում, կանխարգելում ազգամիջյան ատելությունն ու թշնամանքը և դրանցից բխող աղետներն ու արհավիրքները։ Աստվածաշնորհ ազատության, խաղաղության ու արդարության համընդհանուր ձգտումով է, որ աշխարհում կլռեն ռազմի ձայները, ցավի ու տառապանքի փոխարեն կսփռվեն սերն ու բարիքը։ Լիահույս ենք, որ Միջազգային մարդասիրական իրավունքի ընդհանուր դրույթներին հավատարիմ միջազգային հանրության և իրավապաշտպան կառույցների կողմից քայլեր կձեռնարկվեն արցախահայության բնականոն կյանքի վերականգնման համար իրենց հայրենի բնօրրանում։ Հիրավի, ճշմարտության ու արդարության հաստատումով է, որ պիտի ամրապնդվի խաղաղ գոյակցության ու համագործակցության ոգին՝ ի խնդիր հասարակությունների և ժողովուրդների առաջընթացի ու լուսավոր գալիքի։ «Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում»,- ուսուցանում է Սուրբ Գիրքը (Հակ. 3.18):

Սիրելիներ, գոհունակությամբ ցանկանում ենք անդրադառնալ, որ այսօր Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և միջեկեղեցական կառույցների ջանքերով աշխարհի տարբեր կողմերում քրիստոնյա մեր քույրերն ու եղբայրները նույնպես աղոթք են բարձրացնելու հանուն գերիների ազատ արձակման և գաղթական դարձած հայորդիների իրավունքների պաշտպանության։ Այս առիթով Մեր շնորհակալությունն ենք բերում մեր քույր Եկեղեցիներին, միջեկեղեցական կազմակերպություններին՝ դժվարին իրավիճակներում մեր ժողովրդին ցուցաբերած իրենց անկեղծ ու սրտակից սատարումի, ինչպես նաև, ընդառաջ Մեր դիմումին, այս արարողությանը միանալու ազնիվ հանձնառության համար։

Ի խորոց սրտի հայց ենք վերառաքում առ Բազումողորմ Աստված, որ խաղաղության մեջ պահի մեր հայրենիքն ու համայն աշխարհը, մերօրյա փորձությունների հաղթահարման համար հավատի ամրություն պարգևի աշխարհասփյուռ մեր ժողովրդին և շուտափույթ ազատություն շնորհի գերեվարված մեր բոլոր զավակներին։

Թող Տիրոջ սերը, շնորհն ու ողորմությունը լինեն ամենքիս հետ․ ամեն»։

դիտվել է 96 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախկին պաշտոնյաները հաղթել են նախարարի դեմ դատը. «Հրապարակ» Զատիկն էլ անցավ, բայց եկեղեցին պատրաստ չէ. «Հրապարակ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» «Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ» Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը խախտում է արդար մրցակցության սկզբունքը. «Փաստ» Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» ՔՊ-ն աղմուկի տակ իր «սեւ գործն» է առաջ տանում. «Հրապարակ» «Թալանի» 11% է ընդամենը վերականգնվել. 2025-ի կատարողականի զեկույցը. «Ժողովուրդ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am