Սահմանային գյուղի «քաղաքականությունը» /տեսանյութ/
«Մեզ միայն մեր ներքին կայունությունն է հետաքրքրում, քանի որ յուրաքանչյուր անկայուն վիճակ կբերի լարվածություն սահմանին, որը առաջինը կվնասի սահմանապահ գյուղերին»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան համայնքի դպրոցի տնօրեն Վազգեն Զարգարյանը: Զարգարյանը փաստում է, որ չնայած գյուղացիները հավաքվում են գյուղի կենտրոնում` քննարկում քաղաքական անցուդարձը, բայց բոլորի համար էլ կարևոր է հողի ու հայրենիքի քաղաքականությունը, որը չորաթանցիների համար` խաղաղություն անունն ունի: «Առաջին հարվածը կրում են սահմանի բնակիչները: Նրանց հանգստությունը ամբողջ հանրապետության հանգստությունն է»,-ընդգծում է Զարգարյանը: «Նվիրումը 88-ին ավելի շատ էր, բայց սահմանները պահելու պատրաստակամությունը երբեք չի նվազում: Չորաթանում բոլորը պատրաստ են անակնկալներին: Մեր երեխաներն էլ ամեն վարկյան գիտակցում են, որ խաղողի այգիներից այն կողմ թշնամու գյուղերն են: Բոլոր տղա երեխաները հարցին` որ մեծանաս ո՞վ ես դառնալու, պատասխանում են` սահմանապահ զինվոր»,-ասաց Վազգեն Զարգարյանը: Դպրոցի տնօրենը ծանր է տանում, երբ առնչվում է արտագաղթին: Յուրաքանչյուր աշակերտի պակասը երևում է դպրոցում: «Սոցիալական պայմաններից ելնելով գնում են, բայց ճար չկա: Համակերպվում ենք…»,-եզրափակեց Զարգարյանը: Լուսինե Ղազարյան Մանրամասները` տեսանյութում:
