Ո՞վ է կալանավորված ազատամարտիկ Ռեմբոն
«Ստեփան Ստեփանյանի (Ռեմբո) ձերբակալությունը կապ չունի Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորման գործի հետ: Պետք է հասարակությունը սա գիտակցելով ճիշտ եզրահանգում անի»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հիմնադիր Խորհրդարանի պատգամավոր Գագիկ Սարուխանյանը: Նշենք, որ փետրվարի 21-ին կալանավորվել է Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչ, 58-ամյա Ստեփան Ստեփանյանը, հայտնի ազատամարտիկ` Ռեմբոն: Վերջինս կասկածվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ, այն զինամթերքը, որը հայտնաբերվել էր Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին պատկանող օբյեկտում: «Ռեմբոն չի հրաժարվել, որ զենքերը իրեն են պատկանում, բայց նա դրանք կիրառելու նպատակ չի հետապնդել: Վերջին շրջանում ազատամարտիկների մոտ զենք հայտնաբերելու գործընթաց է սկսվել: Պետք է հասկանալ մի բան, որ ազատամարտիկները պատերազմից հետո հանձնել են զենքերը, բայց կան այնպիսիները, որ բոլորովին վատ նպատակ չհետապնդելով` պահել են: Գուցե մտածել է հանձնի` կձերբակալեն: Զենքերի մի մասը մնացել են պադվալներում ու նույնիսկ ժանգոտել»,-նշեց Սարուխանյանը: Սարուխանյանի խոսքով` պետք է հաշվի առնել, որ վաստակ ունեցող ազատամարտիկը նաև հոգեբանական խնդիրներ ուներ.«Ինքը մաքուր էր, բարի էր ու որպես մարդու տեսակ` առաջնային մարդկանց թվին էր պատկանում: Մեծ ընտանիք ունի ու հազար տեսակ խնդիրներ: Ես շատ եմ ափսոսում կատարվածի համար»: Ազատամարտիկը ընդգծում է, որ Ստեփան Ստեփանյանը պայքարող տեսակ էր, որով էլ միշտ աչքի է ընկել ցույցերի ժամանակ: «Ընկերոջ համար հոգի տվող տղա էր: Նրա երգերը նույնպես պարզ ու անմիջական են: Իր կիթառով երգում էր ու երազում լավ օրերի մասին: Նման մարդուն կալանավորելը ուղղակի ամոթ է»,-եզրափակեց Գագիկ Սարուխանյանը: Նշենք, որ փետրվարի 19-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա խճուղու 4/1 հասցեում հայտնաբերել էին մի ամբողջ արսենալ: Նշված վայր էին ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի մեծ թվով աշխատակիցներ, ովքեր ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի ոստիկանների հետ հայտնաբերված մեծ քանակի զենք-զինամթերքը փորձում են անվտանգ տեղափոխել ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Հայտնաբերվածների մեջ էին հրացան, մեծ քանակի ինքնաձիգի փամփուշտներ, РГД-7, մի քանի նռնականետեր՝ 10-ից ավելի նռնակներով, Ֆ-1 նռնակներ և այլ զինտեխնիկա: Լ.Ղազարյան
