«Խաչել են 8-ամյա աղջկան». սարսափի հետևանքները
1988 թ. փետրվարի 26-ին Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից հայ բնակչության բնաջնջում սկսվեց, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին տասնյակ և սպանվեցին 53 մարդ, ընդ որում՝ սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին: Հայ փախստականներին աջակցող «Ահազանգ» հ/կ գործադիր տնօրեն Ջուլիետա Երեմյանը փաստում է, որ զոհվածների թիվը իրականում հազարների է հասել: «Ամեն բան նախապես ծրագրված է եղել: Ամիսներ շարունակ հայ վարպետները Սումգայիթի գործարաններում երկաթե ձողեր են պատրաստել, որոնցով հետո խոցվել են հենց հայերը»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եփրեմյանը: 80 ամյա կինն այսօր էլ ողջ մարմնով սարսռում է, երբ հիշում է կատարվածը: «Բաքվի փողոցներից մեկում խաչել էին 8-ամյա աղջկան: 21-րդ դար մտնող առաջադեմ մարդկությունը լռեց, երբ սա իրական ցեղասպանություն էր: Ջուլիետա Երեմյանի խոսքով` այդ բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել ոստիկանության և կառավարության աջակցությամբ: Այդ դեպքերը աննախադեպ էին իրենց վայրագությամբ և անմարդկայնությամբ: Եփրեմյանի փոխանցմամբ` աննախադեպ դաժանության գնացած ադրբեջանցիները չեն խնայել անգամ մանուկներին.«Նորածին հայ երեխային վառել են գազօջախի վրա»: Տարեց կինը նշում է, որ ապրած սարսափը վերհիշելիս այսօր էլ ողջ մարմնով սարսուռ է անցնում.«Մարդասպան ազգը չպատժվեց: Սա է իմ ցավը»: Աստղիկ Ավագյան
