Ո՞վ է ճնշել Արա Զաքարյանին. ազատազրկված գնդապետի հայցը ՄԻԵԴ չի հասել
Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործը ՄԻԵԴ չի ուղարկվել: Այդ մասին այսօր՝ փետրվարի 26-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի տնօրեն,«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը: «Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը՝ Արա Զաքարյանը անձամբ ասում էր, որ այս գործը 99%-ով ՄԻԵԴ-ում հաղթած գործ է: Մոտ երկու շաբաթ առաջ ենք անձամբ Արա Զաքարյանից տեղեկացել, որ նա գործը ՄԻԵԴ չի ուղարկել, մինչդեռ դրանից առաջ նա շեշտում էր, որ գործն արդեն ուղարկված է ՄԻԵԴ, ընդամենը սպասում ենք այնտեղի պատասխանին: Երբ որ այդ պատասխանի ստանալը շատ ձգձգվեց, մենք արդեն տարակուսում էինք, թե ինչու չեն պատասխանում և անգամ պատրաստվում էինք նոր հայց ներկայացնել: Բայց վերջին ամիսների ընթացքում այդպես էլ չէր հաջողվում հանդիպել Արա Զաքարյանի հետ, որպեսզի տեղեկատվություն ստանանք այդ կապակցությամբ: Եվ երկու շաբաթ առաջ, երբ սպառվեցին այդ ինֆորմացիան երկարաձգելու բոլոր հնարավորությունները, նա պարզապես հայտարարեց, որ գործը ՄԻԵԴ ընդհանրապես չի էլ ուղարկել»,- պարզաբանեց Գագիկ Սարուխանյանը: Վոլոդյա Ավետիսյանի ընկերներն ու հարազատները այստեղ ակնհայտ միտում են տեսնում: «Բոլորս էլ գիտակցում ենք, որ Արա Զաքարյանի նման փորձառու իրավաբանը, մանավանդ այսպիսի հնչեղություն ստացած գործը չէր կարող ուղղակի դարակի մի անկյունում պահեր, որ հետո ասեինք, թե հա մարդ ես , գուցե մոռացել է: Վարկածը , միանշանակ, հետևյալն է՝ ճնշումներ, սպառնալիքներ են եղել նրա նկատմամբ: Արա Զաքարյանն էլ սովորական մարդ է ի վերջո և կարող էին նրան խոշտանգել, ահաբեկել, սպառնալ և , հավանաբար, իշխանությունները, կիրառել են իրենց այդ միջոցները: Որևէ այլ հանգամանք այստեղ լինել չի կարող»: Գագիկ Սարուխանյանը կարծում է, որ ճնշումները միանշանակ իշխանության կողմից են եղել ու Զաքարյանն էլ տեղի է տվել: Սարուխանյանը ընդգծում է, որ ՄԻԵԴ դիմելու համար նախատեսված ժամկետները խախտվել են ու ազատամարտիկի ազատության հարցը դարձել է «օդից կախված»: Գագիկ Սարուխանյանի, որ Արա Զաքարյանը ետ է վերադարձրել նաև իրեն վճարած գումարները: Արա Զաքարյանի հետ կապ հաստատել չկարողացանք: Պաշտպանը չի պատասխանում հեռախոսազանգերին: Աստղիկ Ավագյան
