Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Սևան ճանապարհի Արծվի արձանի մոտ. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Հայրապետ Առաքելյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 13.5 կմ հատվածում՝ Արծվի արձանի մոտ, իր վարած Renault մակնիշի 35 ԼM 882 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 2 ճանապարհների մեջտեղում գտնվող երկաթե արգելապատնեշներին, այնուհետև դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել հանդիպակաց գոտու աջակողմյան մետաղյա արգելապատնեշին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է նրա ուղևորուհին՝ 23-ամյա Հաննա Հանթլինը։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մարզային փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ։ Տուժածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մինչև փրկարարների ժամանումը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Դեպքի վայր են ժամանել նաև Կոտայքի մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը։ Տեղում աշխատել են Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ս. Սեդրակյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ամբողջական տվյալները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու մահացածն աշխատում են ԱՄՆ Խաղաղության կորպուսում՝ որպես կամավորներ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
