Լևոն Մրտչյանը մերժել է Վիգեն Սարգսյանին
«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն այսօր ԱԺ-ում ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Հիշեցնենք, օրենքի շուրջ բուռն քննարկումներ ընթացան։ Ընդդիմադիր ուժերը կարծում են, որ նոր նախագծով ոլորտում կոռուպցիան չի վերանա, տարկետման վերացումը կազդի գիտությամբ զբաղվող երիտասարդների ճակատագրի վրա, իսկ բանակից ազատվողները կշարունակեն ազատվել, քանի որ հիմնականում ազատվում են առողջական խնդիրների պատճառով։ Նշենք,որ ՀՀ կառավարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի» նախագծով նախատեսվում է վերացնել ՀՀ պետական բուհերի պետպատվեր համակարգում սովորող ուսանողների համար գործող օրենքով նախատեսված տարկետման իրավունքը։ Կառավարության հիմնավորմամբ` այս քայլը միտված է վերացնելու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։ Մեր ունեցած տեղեկություններով՝ այս օրենքը ներկայացվել է Կրթության և գիտության նախարարություն և արժանացել է բացասական եզրակացության: Սակայն այստեղ, ինչպես արվում է մեր իրականության մեջ, հավանաբար վերևներից խառնվել են և հորդորել հավանություն տալ: Ի վերջո նախարարությունը տվել է իր հավանությունը և նախագծն արդեն դրվել է քննարկման:
