Վահան Շիրխանյանը լիարժեք չի քայլում
Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանին կրկնակի հետազոտության չեն ենթարկի: Քրեակատարողական հիմնարկների վարչությունը մերժել է Պաշտպանության նախարարի նախկին տեղակալի պաշտպանների միջնորդությունը՝ Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում Վահան Շիրխանյանին կրկնակի հետազոտության ենթարկելու համար: Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց պաշտպան Ստեփան Ոսկանյանը, պատասխանում գրվել է, որ դուպլեքս հետազոտության արդյունքները եւ անոթային վիրաբույժի այցը բավարար է եղել, որ դրա հիման վրա կազմվի համապատասխան եզրակացություն եւ բուժումներ նշանակվեն: Դուպլեքս հետազոտության ժապավենն էլ չկա գործի նյութերում: Պաշտպանին տեղեկացրել են, որ ժապավենների բացակայությունը պայմանավորված է սարքի փչացած լինելու հանգամանքով եւ դրա բացակայությունը որեւէ կերպով չի ազդել բուժման կամ հետազոտության վրա: «Մենք ուզում ենք այդ թղթերը ուղարկենք տարբեր տեղեր՝ հետազոտության համար, մեզ ասում են պետք է ժապավենը: Գիտենք, որ դա ֆիքսված վիճակն է, բայց արդյո՞ք ճիշտ վիճակն է ֆիքսվել: Երկրորդն էլ դեղեր եք նշանակել դուպլեքս հետազոտության արդյունքով եւ վիրաբույժն եկել է արտաքին հետազոտություն է անցկացրել, առանց գործիքային հետազոտման: Դեղեր են նշանակել առանց արյան բաղադրությունը ստուգելու, միգուցե դեղերը խմելով ավելի կվատթարանա վիճակը: Պետք է բազմակողմանի հետազոտություն արվեր, որը չի արվել»,- ասում է Ստեփան Ոսկանյանը: Վահան Շիրխանյանը նաեւ նշանակված դեղերը չի ընդունում «Ասում է, որ խմեմ, իմ վիճակը կարող է ավելի վատանալ, որտե՞ղ է գրված, երաշխավորված, որ այդ դեղը խմեմ, ինձ դա օգուտ է տալու: Նա ակնհայտ կաղալով է քայլում»,- նշում է պաշտպանը: Հիշեցնենք, որ ՊՆ նախկին տեղակալը մեղադրվում Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:Այս պահին էլ գործով քննչական գործողություններ չեն կատարվում: Նույն մեղադրանքով կալանավորված «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի պաշտպանն էլ է ահազանգում՝ մեկ ամսից ավել է քննչական գործողություններ չեն կատարվում: «Միանգամայն անհիմն է մեղադրանքը, հիմքեր չկան նրա կապելու այդ հանցավոր համագործակցության խմբի հետ»,- ասում է Գառնիկ Մարգարյանի պաշտպան Հովիկ Արսենյանը:
