Լարվածությունը հնարավոր է ավելի է աճելու. Արցախի պաշտպանության նախարար
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը Արցախում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վերջին օրերին արցախա-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին: «Որոշակի լարվածություն կա, և այդ լարվածությունը պայմանավորված է ադրբեջանական կողմից հրադադարի խախտման ռեժիմով: Մենք միշտ հայտարարել ենք, որ իրենց ամեն մի դիպուկահարի մենք պատասխանելու ենք, և պատասխան եղել է: Կարծում եմ՝ դա հենց կապված է դիպուկահարների պատերազմի արդյունքում առաջացած լարվածության հետ: Ադրբեջանը նաև երկու անգամ «ՍՊԱՅԿ» տիպի հեռակառավարվող հրթիռներ է կիրառել, երկու անգամ էլ հարվածներն անարդյունք են եղել»,- ասել է Լևոն Մնացականյանը: ՊԲ հրամանատարը հնարավոր է համարում, որ աստիճանաբար լարվածության աճ լինի: «Մենք արդեն տեղեկացրել ենք, որ եթե հետագայում նման հարվածներ լինեն, պատասխան լինելու է: Դեռեւս կարծում ենք, որ «ՍՊԱՅԿ»-ին պատասխանելու անհրաժեշտություն չկա: Առաջիկա օրերին մենք հանդիպելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ եւ քննարկելու ենք ստեղծված իրավիճակը»,- հավելեց Մնացականյանը:
