«Օդից կախված» իշխանության հակակովային փշալարերը, այցային շոուն ու... հնարավոր հանրաքվեն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թե ինչու էր Փաշինյանը գնացել Սյունիքի մարզ, սկզբունքորեն, դժվար չէ կռահել: Զրոյի ձգտող վարկանիշի պայմաններում, մանավանդ հունիսի 12-ին ոստիկանության միջոցով կազմակերպված արյունահեղությունից հետո նրան շտապ կարգով «վերականգնողական պրոցեդուրա» էր պետք: Բայց դա՝ իր հերթին: Այնպիսի անձնավորության պարագայում, ինչպիսին արդեն 6 տարի Հայաստանը ցնցող Փաշինյանն է, նմանօրինակ այցերը միայն մեկ նպատակ չէ, որ հետապնդում են: Նրա որևէ մարզային այց, ինքնին, արդեն որոշակի չարագուշակություն պարունակում է իր մեջ:

Օրինակներով չծանրաբեռնենք ընթերցողին՝ Արցախից Կիրանց օրինակ է, որ աընդհատ հետապնդում է մեզ: Ի՞նչ է լինելու Սյունիքում կամ Սյունիքի հետ: Արդյո՞ք շուտով Արարատ կամ Գեղարքունիք չի մեկնելու: Ճիշտ է, առավել դիտողունակ մեկնաբանները ենթադրում են, որ հարվածի տակ հաջորդը ոչ թե Սյունիքի բնակավայրերն են հայտնվելու, որոնք արդեն մի անգամ 2020-ի նոյեմբերի-դեկտեմբերին, այն էլ՝ «բանավոր համաձայնությամբ», ծանր հարված ստացել են, այլ այս անգամ Արարատի մարզի Տիգրանաշենն է «սահմանազատվելու», ավելի ճիշտ՝ «սահմանահանձնվելու», բայց օրը կգա, ինչպես ասվում է, չարն էլ՝ հետը, կիմանանք: Փոքր ու փոքրացող երկիր է: Համենայն դեպս, Փաշինյանը սյունիքյան այցի ընթացքում տարբեր բաների մասին խոսեց, որքան էլ հիմնական նպատակներից մեկը ոչ թե խոսելն էր, այլ «Սյունիքի մարզի բնակչությունը ցնծությամբ է դիմավորում Հայաստանը սահմանազատող Փաշինյանին» բեմականացված շոուի ցուցադրությունն էր: Սա էլ է, գիտե՞ք, հետաքրքրական ու հատկանշական:

Ինչպես վկայում են տեղացիները, Երևանից ժամանած համապատասխան ծառայությունների աշխատակիցները մի քանի օր շարունակ «մաղել» են մարզը ու հատկապես այն բնակավայրերը, որտեղ, ըստ ծրագրի, պետք է այցելեր կամ այցելեց Փաշինյանը: Տեղական իշխանություններն ու քպականները պատասխանատու էին Փաշինյանի հետ «պատահաբար» հանդիպող, նրան գրկող-գուրգուրող «ինքնամոռաց» կողմնակիցների քասթինգի համար: Ի լրումն, «կենտրոնից» նաև «դիմավորող-ուղեկցող յուրայինների գործուղման մասին էլ խոսակցություններ էին շրջանառվում: Մի խոսքով՝ դատարկ շոու, որի հիմնական նպատակը դեռևս «ժողվարչապետ» քարոզչական փուչիկն է: Ըստ որում, անհասկանալի է, թե ում համար է դա:

Վերջին հաշվով, շոուի հանդիսատեսը հիմնականում Հ1-ի կամ իշխանական քարոզչության այլ միջոցների լսարանն է, որի ընդգրկումը մոտավորապես արդեն համընկնում է ՔՊ վարչության կազմի ու նրանց ազգականների թվակազմի հետ: Կարճ ասած՝ իրենք նկարում են, իրենք նայում, իրենք հրճվում ու ցնծում: Մեծ հաշվով՝ ինքնախաբեություն: Ինչ վերաբերում է հայտարարություններին, ապա դրանք մեկը մյուսից «շքեղաշուք» են: Օրինակ՝ Փաշինյանը խոսեց այն մասին, որ փշալարեր կանցկացվեն, ինչպես, ասենք, Կիրանցում (չնայած Բագրատ Սրբազանն ասում է, թե ոչ մի փշալար էլ չկա, գնալու է՝ անձամբ ստուգի), ինչից հետո այլևս կովերը չեն հատի սահմանը և չեն հայտնվի թշնամուն նվիրած տարածքներում: Դե, կովերը «ջի-փի-էս» չունեն, քաղաքականապես անգիտակից կենդանիներ են:

Վերջ, այլևս կարելի է, ուրեմն, փաշինյանական մոտեցմամբ, երկրին ու հատկապես սահմանամերձ դարձված բնակավայրերում ապրող հայրենակիցների անվտանգությունն ապահովված համարել: Չէ՞ որ կովերն այլևս փշալարերը չեն հատի ու անցնի թշնամապատկան տարածք: Լավ, իսկ եթե հանկարծ հավերն ու սագերը անցնե՞ն: Այդ դեպքում ի՞նչ է նախատեսվում: Փշալար-սահմանը հատելու դեպքում վնասազերծվելո՞ւ են, թե՞ ոնց: Ավելի վատ, որ միգուցե Փաշինյանի մտքով չի անցել. եթե թշնամին իր հաճույքի համար սկսի կրակել, ենթադրենք, Ներքին Հանդի տների, բնակիչների ուղղությամբ, ի՞նչ է, թշնամական գնդակները, արկերն ու ականները գալու են, հասնեն փշալարերին ու թափվեն գետնի՞ն: Համաձայն ենք, ամենևին ծիծաղելի չէ: Առավել ևս, եթե նկատի ունենանք, թե հատկապես ո՞վ է ու ի՞նչ է իրենից ներկայացնում թշնամին:

Այցի ընթացքում Փաշինյանն, ի դեպ, խոսք նետեց նաև այն մասին, թե սահմանազատման հարցերի հետ կապված, հնարավոր է, հանրաքվե լինի կամ այդ հարցերը հանրաքվեով որոշվեն: Այստեղ էլ են մի շարք հարցեր ծագում (չնայած, անշնորհակալ գործ է՝ տրամաբանություն ու պատճառահետևանքային կապ գտնել նույն թեմայով Փաշինյանի՝ տարբեր ժամանակներում արված հայտարարությունների միջև): Օրինակ, այդ ինչպե՞ս է, որ Կիրանցում, Ոսկեպարում, մի խոսքով՝ Նոյեմբերյանի շրջանում սահմանազատման համար հանրաքվեի կարիք չեղավ, այլ սև ու կարմիր «բերետներով» բնակչությանն «աղացին» ու արագորեն «սահմանագծեցին» ու «սահմանազատեցին», իսկ հիմա, պարզվում է, կարող է հանրաքվե լինել, ենթադրենք, Սյունիքի կամ այլ մարզի սահմանային տարածքների հետ կապված: Կիրանցն ու Ոսկեպարն, ի՞նչ է, ա՞յլ երկրի տարածքում են, ա՞յլ օրենքներ էին այն դեպքում գործում: Երկրորդ՝ ի՞նչ «սահմանազատման» մասին է խոսքն, առհասարակ, եթե Փաշինյանն ու իր «առաջին շարքի» կուսակիցները խոսում էին «սահմանի վերականգնման» մասին՝ նկատի ունենալով ԽՍՀՄ չգիտես, թե ո՛ր թվականի քարտեզը, որ միայն իրենք են տեսել ու չեն հանրայնացնում: Այդ ի՞նչ իշամեղու է թառել կառավարության ծրագրերի վրա, որ «հանկարծակի» հիշեցին հանրաքվեի, մեծ հաշվով՝ այն մասին, որ երկրի տարածքային ամբողջականության փոփոխության վերաբերյալ հարցերը, Սահմանադրության համաձայն, որոշվում են հանրաքվեով:

Թե՞ նաև ձեռքի հետ սահմանադրական հանրաքվե էլ է լինելու՝ համապատասխան փոփոխությամբ: Իսկ հնարավո՞ր է, որ այդ «հանրաքվե» ասվածը այն փայլաթուղթն է, որով Փաշինյանն ու նրա իշխանությունը զուգահեռ ցանկանում են փաթեթավորել առհասարակ Սահմանադրության փոփոխությունը՝ Սահմանադրության նախաբանի ու Անկախության հռչակագրին արված հղման վերացմամբ՝ գործնականում կատարելով Ալիևի ու Էրդողանի հերթական պահանջ-նախապայմանը: Կա նման «գործիքակազմ»՝ ակնհայտ տապալվելիք որևէ հանրաքվեի հետ դնել մեկ այլ հարց, կամ կազմակերպել ընտրություններ: Հարցեր շատ կան: Այդ թվում՝ խաչքարերի վերաբերյալ Փաշինյանի դարակազմիկ «մտքերի» վերաբերյալ, որ արտահայտեց Սիսիանի ավագ դպրոցի «բերման ենթարկված» աշակերտների հետ հանդիպման ժամանակ: Թե բա. «Ինչքա՞ն խաչքար դնենք, հասկացանք՝ 1, 2, 10, 50, 100:

Եկեք ամեն մեկի վզից մի հատ խաչքար կախենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է: Մեծ խաչքարեր կախենք երեխաների ոտքից, ասենք՝ դե, քարշ տվեք, որովհետև Վարդան Մամիկոնյանի սերունդներն եք դուք: Մեր նահատակները զոհվել են, որ երեխաների վզերից խաչքարերը կախենք, հա՞, ոչ, զոհվել են, որ ապրեն, որ կյանքը վայելեն, որ կյանքից հաճույք ստանան: Այս փոփոխությունն է հիմա տեղի ունենում Հայաստանում»: Իր՝ «Երկրի հակառակ կողմը» գրոտվածքում ներառելու ենթակա այս արտահայտության հեղինակը ակնհայտորեն աշխարհընկալման ու ազգային ինքնության հետ կապված լրջագույն խնդիրներ ունի: Հակառակ դեպքում ուղղակի անհնար էր նման բառակույտ ձևակերպել ու արտաբերել...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 470 անգամ
Լրահոս
Ի՞նչ իրավունքով ու ի՞նչ հիմքով է Նիկոլն ասում՝ ինձ չընտրեք, պատերազմ կլինի. Կյուրեղյանը՝ ԱՀԾ պետին (video) Սասունյան. Թուրք հետաքննող լրագրողը բացահայտում է Միացյալ Նահանգներում Թուրքիայի ներթափանցման ջանքերը Բոլորին գաղտնալսում եք, բա ինչու՞ չեք անցնում համատիրություններին․ Արթուր Խաչատրյան (video) Որպեսզի Ֆրանսիայի հետ հարաբերությունները իրապես դառնան ռազմավարական, պետք է հասնել հասնել հայկական ապրանքների արտահանման նշանակալի ծավալների. Բաբկեն Հարությունյան Երևանից հնչող սպառնալիքները Ռուսաստանն անհետևանք չի թողնելու․ Աննա Գրիգորյան (video) 3 պատերազմ բերածնե՛ր, նոր պատերազմ բերողն էլ, հրահրողն էլ, զոհերի մեղավորն էլ դու՛ք եք․ Կյուրեղյան (video) Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում Ալեքսանյա՛ն, ձեր ֆրակցիայով հավաքվեք, մի հատ ժամացույց առեք, սենց ո՞նց կլինի․ Արթուր Խաչատրյան (video) Իսրայելը Լիբանանի տարածքը հրետակոծել է արգելված ֆոսֆորային արկերով. NNA Ջեֆրի Սաքս. «Եթե ձեր հողում կա ամերիկյան բազա, դուք օկուպացված եք» Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում Ինչո՞ւ չընտրել Նիկոլին․․․ (video) Պատմություն, առաջին դեմքից. «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը. վաղը՝ 21:30-ին (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Սյունիքում․ 20-ամյա տղան հոսպիտալացվել է Իրանը սպառնացել է ԱՄԷ-ին «ջախջախիչ պատասխանով» ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն․ դրամ է նվիրաբերվել Մարզահամերգային համալիրին. Pastinfo Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր մեխանիզմի մասին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ապօրինի գերեվարվածների համար պատարագ կմատուցվի Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ Իրանի հետ փոխադարձ համաձայնության ենք եկել․ Թրամփ Իրեն ՀՀ-ում տանը զգացող թուրք պաշտոնյայի երկիրը շարունակում է շրջափակված պահել Հայաստանը․ Աբրահամյան «Դուք Ձեր հացը ցամաք կերաք, համբերեք». Փաշինյանը մայրուղի է հանել թիմակիցներին. «Իրավունք» ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am