Դեղորայքը մեզ մոտ սարսափելի թանկ է, դա գալիս է մոնոպոլիայից. Ս. Խուդոյան
Այսօր Հայելի ակումբում հոգեբան Սամվել Խուդոյանը և «Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանն անդրադարձան սուպերմարկետինգի փոքրիկ բիզնես մեքենայություններին, որոնք կիրառվում են հատկապես սուպերմարկետներում: Սամվել Խուդոյանը նկատեց, որ սուպերմարկետներում հաճախ ապրանքը թերակշռում են, այսինքն՝ շատ ապրանքներ վերակշռելուց տեսնում ես՝ հինգ-տասը գրամ պակաս է: «Դա ակնհայտ խաբեություններից է, որ որոշ սուպերմարկետներում անում են: Դեղորայքը մեզ մոտ սարսափելի թանկ է, դա գալիս է մոնոպոլիայից»,-ասաց նա և նշեց, որ ժամկետանց սնունդ, թեև հազվադեպ, բայց ևս նկատելի է: Նա որոշ հոգեբանական միջոցներ նշեց, որոնք հաճախ օգտագործվում են սուպերարկետներում, ինչպես օրինակ էժան ապրանքները ներքևում դնելը, առաջին անհրաժեշտության ապրանքները խանութների վերջում դնելը, գինը հարյուր գրամի չափով նշելը և նմանատիպ այլ միջոցներ: «Հացի հոտը, ուտելիքի հոտը առևտուրը խթանում է շատ ուժեղ: Պարզվել է եթե երաժշտության ռիթմը սրտի ռիթմից ցածր է լինում առևտուրը շատ ուժեղ աճում է: Իսկ թեժ ժամերին արագ երաժշտություն են դնում, որ ժողովուրդը արագ շարժվի»,-ասաց նա և նշեց, որ որքան աշխատողը փորձում է օգնել ապրանքը գնելու հարցում, այնքան պարտավորվածոթյուն եք զգում այդ ապրանքը գնել:
