Պատանիները խեղդամահ են արել տարեց կնոջը
Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղում դաժան սպանություն է տեղի ունեցել: Այդ գյուղում բնակվող երկու պատանիներ են ձերբակալվել նույն գյուղի տարեց թոշակառու 73-ամյա Շուշանին տանջամահ անելու կասկածանքով: Կնոջ դին հայտնաբերվել էր փետրվարի 23-ին իր տան մոտ: Սկզբում տեղեկություններ են տարածվել, որ նա մահացել է տանիքից վայր ընկնելու հետեւանքով: Նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ, սակայն, պարզվել է, որ թոշակառու կնոջ գլխին եւ պարանոցին առկա են վնասվածքներ, իսկ մահվան պատճառ է դարձել շնչահեղձությունը: Նախնական տեղեկություններով 73-ամյա կինն իր տուն է հրավիրել պատանիներին ալեհավաքի մալուխը վերանորոգելու նպատակով, ինչը չի հաջողվել նրանց: Տարեց կինը նախատել է տղաներին, որը բարկացրել է նրանց: Տղաներից մեկը բռնել է տարեց կնոջ ձեռքերը, մյուս մետաղյա խողովակով հարվածել նրան: Նրանք կնոջը փորձել են համոզել, որ որեւէ բողոք չներկայացնի, ապա տղաներից մեկը ձեռքով սեղմել է պարանոցը, որի հետեւանքով կինը խեղդամահ է եղել: Ոստիկանությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ կատարվում է քննություն, ձերբակալվածների մասին մանրամասներ չեն հայտնել:
