«Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ առանձնահատուկ տղա է Նվերս, ուզում եմ իր մասին միշտ ներկայով խոսել: Ակտիվ, խելացի, մեր բոլոր տղաներն են յուրահատուկ: Տասը տարեկանից եղբոր հետ բռնցքամարտ է պարապել, հինգ տարի սպորտով են զբաղվել: Չափված-ձևված էր, անչափ բարի, առանձնահատուկ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Թամարան՝ Նվերի մայրիկը:

Մտովի տեղափոխվում է որդու ծննդյան օրը: «Երբ որդիս ծնվել էր, Վանաձորում բժիշկը հույս չէր տվել, ասել էր՝ մայրիկի կյանքը կփրկենք: Տանը մեկ տարեկան տասնմեկ ամսական տղա ունեի արդեն»: Բայց Նվերը սկսում է պայքարել իր կյանքի համար, սիրտը սկսում է աշխատել, և փրկվում է: «Այդպիսին էր տղայիս ճակատագիրը: Ինչպես Աստված տվեց, այնպես էլ տարավ: Տասնինը տարի պահես ու պաշտես տղայիդ, ու վերջում այսպես լինի»: Մայրիկի խոսքով, որդին դպրոցում լավ էր սովորում: «Հետո ուսումը շարունակեց Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջում՝ շինարարության գծով: Որոշել էր բանակից վերադառնալուց հետո ընդունվել Պոլիտեխնիկական համալսարան: Ծրագրավորումն էր իրեն հետաքրքիր: Սովորելուն զուգահեռ սպորտի էր հաճախում, ավտոդպրոցում է սովորել: Նպատակներ շատ ուներ, բայց, ավաղ...»: Նվերը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ. դեկտեմբերի 20-ին: Ծառայել է Արցախի Հանրապետությունում՝ Հադրութում:

«Շատ ուրախ է մեկնել ծառայության: Մեծ տղաս Ջրականում էր ծառայում, հետախույզ էր, զորացրվեց, եկավ տուն: Ինքն էլ, Նվերն էլ, տղաներից շատերը կանխատեսում էին, որ պատերազմ է լինելու»: Նվերի ծառայության օրերը շատ լավ են անցել: Մայրիկն ասում է՝ այնքան շատ էր սիրում Հադրութը: «Միշտ զրույցների ժամանակ ասում էր՝ մա՛մ, այնքան սիրուն է Հադրութի բնությունը: Իրեն շատ լավ էր զգում, երբեք որևէ բանից չի բողոքել, որևէ բան տանից չի պահանջել: Իր քարտին գումար էի փոխանցում: Ասում էր, որ ինչ-որ քաղցր բաներ է գնում, ուտում: Բայց հետո տեսա, թե որքան գումար է մնացել իր քարտի վրա, չի ծախսել»: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, որը 44 օր տևեց: 43 օր տևեց Նվերի պատերազմը:

«Պարտադիր զանգահարում էր: Եթե մեկ օրվա տարբերությամբ չէինք զրուցում, մյուս օրը զանգում էր՝ մամա՛ ջան, այս բառակապակցությունը շատ հաճախ էր կրկնում, հո չես վախեցե՞լ, հո չես նեղվե՞լ: Պատերազմի դաշտից իմ մասին էր մտածում: Մի անգամ էլ զրույցի ժամանակ պայթյուններ էին լսվում, հարցրեցի՝ ամեն ինչ նորմա՞լ է, հո սովա՞ծ չես, հո չես մրսո՞ւմ: «Չէ, մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ է, ուտում ենք, հագիս բուշտալ է, տաք եմ»: Բայց, իհարկե, հետո ենք հասկանում, որ շատ հարցերում մեզ ուղղակի հանգստացրել են: Ինչպե՞ս կարող էր պատերազմի դաշտում ամեն ինչ լավ լինել: Մի օր էլ ասաց, որ սաղավարտը գլուխը ցավացնում է, չի դնում: Եղբայրը բարկացավ՝ չի կարելի, դա ապահովության համար է: Ինձ ասում էր՝ մա՛մ, անուն-ազգանունները որ գրում են, չհավատաս, գիտես, թե քանի հոգու անուն են գրել, բայց շփոթվել են, տղաները մեր կողքին կռվում են»: Նվերը եղել է Հադրութում, «Մարտունի 2»ում:

Նոյեմբերի 8-ի գիշերն անմահացել է Շուշիում՝ Քարին տակում: Ցանկացել է ընկերոջ կյանքը փրկել, բայց, ավաղ, ընկերն էլ է զոհվել: «Իրենց սպան զինվորներին շատ մեծ դժվարությամբ դուրս է բերել Հադրութից, հասել են «Մարտունի 2»: Այնտեղ սարսափելի մարտերի մեջ են հայտնվում, իրենց սպան զոհվում է: Տղաները տեղափոխվում են Քարին տակ: Նոյեմբերի 7-ին զանգահարեց, բոլորիս հետ հերթով զրուցեց: Վերջում ինձ հետ խոսեց: Հարցրեց՝ մամա՛, իմ հետ կապված ի՞նչ երազ ես տեսել, հետո էլ ասաց՝ մա՛մ, ինձ համար շատ աղոթի: Դա մեր վերջին զրույցն էր: Երեք օր իրենից լուր չունեինք: Իր հայրիկը Ռուսաստանում էր, ավագ եղբայրն ամենուր իրեն էր փնտրում: Իրեն ես եմ գտել: Զանգեցի իրենց ամենագլխավորին, ասացի. «Եթե մի քանի ժամից իմ երեխու մասին տեղեկություն չտվեցիք...»:

Անուն-ազգանունը գրեց, նոյեմբերի 13-ին գտա Նվերին: Մի քանի օր առաջ զոհված տղայիս ինձ փակ դագաղով են տվել: Ես իրեն չեմ տեսել: Ավագ եղբայրն է ճանաչել Նվերին: Ոչ ոք չէր համարձակվի գնալ դիահերձարան, իր եղբորն այդ վիճակում տեսնել»: Մայրիկն ասում է, որ Նվերին հուղարկավորել է նրա իսկ ծննդյան օրը՝ նոյեմբերի 16-ին: Որոշ ժամանակ հետո Նվերի ընտանիքին հասնում է որդու զինգրքույկը՝ վնասված, կավոտ, փորձություններ տեսած: «Տղան, որի մոտ եղել էր որդուս զինգրքույկը, ասաց՝ Նվերն իր բուշլատը հանել, ինձ էր տվել, որ չմրսեմ: Զինգրքույկն էլ մնացել էր բուշլատի գրպանում»: Այդպես էլ Նվերի զինգրքույկը «փրկվել» և հասել էր տուն: Տիկին Թամարան ասում է՝ որդու մասին այնքան գրքեր ու պատմություններ կան, բայց իրենց ոչինչ չի սփոփում: «Սթրեսը բոլորիս քայքայեց: Ախր, սա պատերազմ չէր, պատերազմն ուրիշ տեսակ է լինում: Մեղավորներն Աստծուց ստանան, այլ բան չեմ ասում: Այս պատերազմն իմ՝ Նվեր անունով ամենաթանկ նվերին խլեց ինձանից»:

Երբ հարցնում եմ մեդալների մասին, մայրիկն արձագանքում է. «Երկար ժամանակ մեդալը մերժում էի: 43 օր պայքարող տղայի աչքերն ինչեր էին տեսել: Մեդալն ի՞նչ պետք է փոխեր: Ես իրենով եմ հպարտանում, ինձ մեդալ պետք չէ իրենով հպարտանալու համար: 44-օրյա պատերազմի ժամանակ Նվերն ավելի էր լրջացել, միշտ էր այդպիսին, բայց պատերազմն իրեն ավելի էր հասունացրել»: Ապրելու ուժ ընտանիքին տան երկու՝ ավագ և կրտսեր որդիներն են տալիս, ընտանիքում բոլորն իրար թև ու թիկունք են դարձել ցավին դիմագրավելու համար: Տիկին Թամարան ասում է՝ երկնքից Նվերն է իրեն ուժ տալիս: «Մենք իրար հետ շատ կապված էինք: Ես առանց իրեն իմ մի օրն անգամ չէի պատկերացնի, հիմա հանուն ընտանիքիս եմ փորձում ուժեղ լինել: Ապրում եմ իրենց համար: Այո, բոլորս էլ ապրում ենք, հաց ուտում, ինչ-որ բան գնում, բայց մի պահ, երբ դադար ես տալիս, զգում ես, որ քո ցավն ու կարոտը անասելի չափերի է հասել: Սրան բուժում չկա: Աստծո զորությամբ պետք է բարի լինենք, չչարանանք»:

Հ. Գ. - Նվեր Չոբանյանը հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով: Հուղարկավորված է Վանաձորի զինվորական պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 55 անգամ
Լրահոս
«ԶԻԼ»-ը Արամուս գյուղում 5 մետր գլորվելով կողաշրջված հայտնվել է բնակչի տան բակում Պետք է խոստովանել, որ Միրզոյանի հավաքական ինտելեկտը միջին ՔՊ-ականից տեսանելի բարձր է Սարսափելի է, ահավոր է Սրանց փորացավը մեկն է՝ ցույց տալ, որ տեսեք՝ ինչ տեղի ունեցավ Արցախում, երբ փոխվեց երկրի ղեկավարը, նույնը կլինի նաեւ Հայաստանում․ Խաչատրյան Իրանը պառակտում է ԱՄՆ-ն ու Եվրոպան միջուկային դոսեի շուրջ Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու դռները մի քանի տարի է՝ փակ են Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության նախագահը լքել է պաշտոնը Ապավինած Աստծուն մենք արել ենք այն, ինչ դեռ երեկ անհնար էր թվում․ մեր կյանքի սրբագրման նոր էջը պիտի բացվի․ Բագրատ Սրբազանի կոչը ժողովրդին Եթե այսպես շարունակվի, Լոռին նույնպես կդառնա սահմանապահ. Բագրատ Սրբազան Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ Սահմանային փոփոխություններից հետո Խնածախի արժեքավոր խաչքարերը հայտնվել են սահմանից 400-960 մ-ի վրա Բերետավորը ծեծում է Բորելի «դաբրոյով» Սուքիասյանը սպառնում է Էրդողանի և Ալիևի «դուխով» Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել Ուկրաինայում խաղաղության հաաստատումը Վլադիմիր Պուտինի ձեռքում է․ Գերմանիայի արտգործնախարար Ողբերգական ելքով վթար Մասիս-Այնթապ ճանապարհին․ կան զոհեր, տուժածների մեջ՝ երեխա Սրբազան շարժման տերը հայ ժողովուրդն է․ Արմեն Աշոտյան Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են Չինաստանի քաղաքացու և Հայաստանի քաղաքացու մոտոցիկլետները. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ինչ անել մինչև hեղեղnւմները, ընթացքում և դրանից հետո․ իրազեկում Առաջիկա շաբաթը մեզ համար լինելու է կարևոր, հանգրվանային և վճռորոշ․ Գառնիկ Դանիելյան Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է՝ պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն, և Արևելյան Երուսաղեմը պետք է լինի նրա մայրաքաղաքը․ Ալիև Ալավերդիում բախվել են «BMW»-ն ու «Honda Accord»-ը. 2 հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ը՝ ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով Հունիսի 9-ը վերջին օրը չէ, բայց առանցքային օրն է մեզ համար․ այդ օրը լինելու է ուղիղ, վճռական, վերջնական գործողություններ իրականացնելու օր․ Բագրատ Սրբազան Գազայում զոհվածների թիվը հասել է 36 հազար 801-ի Մոտ ապագայում 200-300 հազար ադրբեջանցի կարող է բնակվել Հայաստանում. Վարդան Օսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am