ՆԱՏՕ- ում այդքան էլ դեմ չեն, որ Թուրքիան ՌԴ-ից C 400 ձեռք բերի
Բուխարեստում հոկտեմբերի 6-9 կայացած ՆԱՏՕ-ի ԽՎ վեհաժողովի ժամանակ մի շարք եվրոպական երկրների պատվիրակներ մտահոգություններ են հնչեցրել եւ անհամաձայնություն են հայտնել Թուրքիայի կողմից ՌԴ-ից C 400 համակարգերի ձեռք բերման հետ կապված, ամփոփելով ՆԱՏՕ ԽՎ վեհաժողովի արդյունքները՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։ «Երբ այս հարցը ուղղվեց նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, նրա պատասխանը բավականին չափավոր էր։ Նա նկատեց, որ յուրաքանչյուր անդամ պետություն ինքն է որոշում ինչպիսի լրացուցիչ միջոցներ պետք է ձեռք բերել։ Իհարկե, կար որոշակի դիտարկում այն մասին, որ C-400 համակարգերը չեն ընդգրկվում ՆԱՏՕ-ի հակօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի մեջ, բայց չկար խորը քննադատություն կապված այդ համակարգերի ձեռքբերման հետ»,- նշեց Կորյուն Նահապետյանը։
