Հայկական չիրը դրսի շուկայում մրցունակ չէ
Չրի արտադրության ծավալներից այս տարի դժգոհ չէ Արարատի մարզի «Հայկական Չրեր» ընկերության տնօրեն Արմեն Մանուկյանը։ «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նա հայտնեց, որ կարողացել է բավարար քանակությամբ միրգ չորացնել։ Նախորդ տարի ցրտահարության, կարկտահարության պատճառով արտադրության ծավալները նվազել էին, այսօր նման խնդրի առաջ չեն կանգնել։ Տեղական շուկայից բացի, չրագործն իր արտադրանքը ռուսական շուկայում է փորձում իրացնել։ Նրա խոսքով, սակայն, հայկական չիրը դրսի շուկայում մրցունակ չէ։ «Մեր չրերը մրցունակ չեն միջինասիական, թուրքական չրերի համեմատ։ Մեզ մոտ շատ թանկ է նստում արտադրությունը։ Մեր երկրում չրային տնտեսությունները դեռ բավարար չափով չեն ձևավորվել։ Սկսած ֆերմերային տնտեսություններից, վերջացրած հարկային դաշտից բոլորը խնդիրներ են ու մեր չիրը չի կարողանում մրցունակ լինել»,- խնդիրները թվարկեց նա։ Արմեն Մանուկյանն ասաց, որ միջինասիական չրի արտահանումը պետական ռազմավարության մակարդակի վրա է դրված, Հայաստանում նման ծրագիր չկա։ Եվրոպական շուկան էլ չրագործի համար երազանք է մնում։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում
