Ոտքի՛ քանի չի հանձնել. գրառումները հասել են Տաթեւ
Մինչ Հայաստանի հյուսիսային դարպասից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները քայլում են դեպի Երևան՝ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհին, Տաթևի խաչմերուկին գրառում է հայտնվել ճանապարհին՝ «Ոտքի՛, քանի չի հանձնել» վերտառությամբ։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 8-րդ հանդիպումը, որի արդյունքում արձանագրություն է ստորագրվել եւ համաձայնեցվել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով։ 4 գյուղ, որոշ ճանապարհներ ու անգամ գերեզմանատներ ՀՀ իշխանությունները մտադիր են հանձնել Ադրբեջանին, ինչը լուրջ անհանգստություն է առաջացրել Տավուշում, քանի որ այդպիսով կարեւոր ենթակառուցվածքներ կանցնեն ադրբեջանական հսկողության տակ, պաշտպանական առաջնագիծն ամբողջությամբ կփլուզվի։
Չնայած տեղի բնակչության անհամաձայնությանը, այդուհանդերձ, իշխանությունները իրականացնում են ականազերծման աշխատանքները եւ մայիսի 4-ին Տավուշի թեմի առաջնորդը հայտարարեց պատասխանների հետեւից Երեւան գալու որոշման մասին։