«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտյոմը ծնվել է Մոսկվայում: Նա տան երրորդ՝ կրտսեր երեխան է, ավագ եղբայր ու քույր ունի, նրանք ծնվել են Հայաստանում: «Փոքրուց շատ հանգիստ բնավորություն ուներ: Շիշկին լես գյուղում մանկապարտեզ է հաճախել, իսկ հետո՝ դպրոց: Զուգահեռաբար նաև երաժշտական դպրոց էր հաճախում: Նվագել է դաշնամուր, կիթառ, մասնակցել է շատ փառատոնների: 14-15 տարեկան էր, եկանք Հայաստան՝ անձնագիր ստանալու: Այդ ժամանակ պետք է մրցույթի մեկներ, որին մասնակցում էր երեսուն դպրոց Ռուսաստանի տարբեր քաղաքներից: Արտյոմը երգեց «Դլե յամանը» և առաջին տեղը գրավեց: Շատ փառատոնների և մրցույթների է մասնակցել: Իր ուժերով ընդունվեց Մոսկվայի թատերական «ГИТИС» ինստիտուտի «Ռեժիսուրայի» ֆակուլտետ: Տարեկան վճարը 500 հազար ռուբլի էր, բայց նա ընդունվեց անվճար: Այնքան չարչարվեց, ընդունվեց, բայց իր սովորածի արդյունքները չվայելեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գոհարը՝ Արտյոմի մայրիկը:

Հավելում է՝ կարծում էին, որ որդին կավարտի ուսումը, հետո նոր միայն բանակ կզորակոչվի: Բայց երկու տարի սովորելուց հետո որոշեց՝ կգնամ Հայաստան, կծառայեմ, հետո կգամ և ուսումս կշարունակեմ: Քննությունները շուտ հանձնեց, տարկետում վերցրեց, ու եկանք Հայաստան»: 2019 թ.-ի հուլիսի 1-ին Արտյոմը մեկնում է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Հանրապետություն՝ Ջրական: «Այն հաշվարկով գնաց, որ հուլիսի 1-ին կզորացրվեր և իր կուրսեցիների հետ ավարտական միջոցառմանը կմասնակցեր»: Մայրիկի խոսքով, ծառայության ամիսներին որդին երբեք ոչնչից չի դժգոհել, բայց սկսվեց պատերազմը, որը տակն ու վրա արեց ամեն ինչ: Ջրականում Արտյոմը ծանր մարտերի միջով է անցել:


«Երբ Ջրականից դուրս էին եկել, զանգեց՝ եթե այստեղից դուրս եմ եկել, ուրեմն ինձ ոչինչ չի լինի, մա՛մ ջան, Աստված իմ թիկունքին է: Երեխես ու մյուս տղաները ոտքով ճանապարհ են ընկել, չորս օր քայլելով՝ Ջրականից հասել Հադրութ, ոչ մի քերծվածք չի ունեցել, ոչ մի վնասվածք: Թե ինչո՞ւ այսպես եղավ: Արտյոմից չորս օր զանգ չունեինք, խառնվել էինք իրար: Անծանոթ համարից զանգ ստացանք: Նա էր: Ոտքով հասել էին Հադրութ, վիրավոր զինվորին շալակած հասցրել էր այնտեղ: Տղաներից մեկը ճանապարհին կորել էր: Հադրութի գյուղապետի տանն էին հայտնվել: Նա ասել էր. «Երեխե՛ք ջան, ձեզ կկերակրեմ, հեռախոս կտամ, որ զանգեք ու տեղեկացնեք՝ ողջ եք: Հետո ձեզ Հադրութի զորամաս կտանեմ, քանի որ իրավունք չունեմ ձեզ ինձ մոտ պահելու»:

Մի քիչ հանգստացել էին այդտեղ, սնվել, տեղյակ էին պահել, որ երեխեքից մեկը ճանապարհին կորել է, ինչ-որ մեկը ձիով գնացել, գտել էր այդ կորած տղային, վիրավորին էլ տարել էին Հադրութի զորամաս: Զանգեց՝ մա՛մ ջան, պա՛պ ջան, ձեզ համբերություն, ես ձեր մասին եմ մտածում, դուք իմ մասին մի մտածեք: Իմ երեխեն պատերազմի ժամանակ մեր մասին էր մտածում: Չորս օր կորած էր, հետը չէինք խոսել, երբ հարցրեցի, թե ինչ է պատահել, ասաց, որ անգամ մեկ քերծվածք չունի, ողջառողջ է, ուղղակի ոտքով են հասել Հադրութ: Մեզ չէր կարողանում Ռուսաստան զանգել, զանգում էր քրոջս, նա էլ մեզ էր զանգում, թե՝ երեխեն երկու րոպե ժամանակ ունի, զանգեք իրեն: Ուղղակի ձայնն էինք լսում ու վերջ: Վախենում էինք, որ հեռախոսով կարող են իրենց տեղը որոշել, արագ խոսում էինք ու անջատում: Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 28-ին՝ մորս ասեք, որ լավ եմ, երեկոյան կզանգեմ: Բայց էլ երեխես չզանգեց: Դեպքը եղել է Քարինտակում:

Օրեր անց եկանք Հայաստան: Ոչ մի պետական մարմին, զինկոմիսարիատ ինձ չի հարցրել, թե որտեղի՞ց եք եկել, ո՞ւմ ենք փնտրում, ի՞նչ է պատահել: Մեծ տղաս էր հետաքրքրվում ամեն ինչով, ես ու աղջիկս լսել անգամ չէինք ուզում, որ Արտյոմի հետ ինչ-որ բան կարող է պատահած լինել: Ես անգամ չէի ուզում արյուն հանձնել»: Իսկ հետո սպասման օրերն ու ամիսներն էին: «Ես նստել եմ տանը, իսկ իմ մեծ տղան Հայաստանի բոլոր հիվանդանոցներով ու դիահերձարաններով շրջել է, մինչև հունվարի 15-ը փնտրել է իմ Արտյոմին: Մեծ տղաս ներս էր մտնում, դեմքից փորձում էի հասկանալ, թե ինչեր է տեսել: Պատերազմից շատ դաժանություն տեսավ նա, մինչև Արտյոմի ԴՆԹ-ն հաստատվեց: Անգամ մինչև Ղարաբաղ հասավ, բայց էլի օգուտ չկար: Ասում էին՝ գնացեք տուն ու սպասեք: Ես մինչև հիմա սպասում եմ իմ բալին, ինչքան էլ որ անցնի, սպասելու եմ: Անգամ կյանքիս վերջին վայրկյանին, միևնույնն է, ես շարունակելու եմ իրեն սպասել»:

Արտյոմի պատմությունը մեկն է այն հարյուրավորներից, որտեղ անպատասխան հարցեր են մնացել: Որպես զոհվելու օր նշվել է վերջին հեռախոսազանգի օրը՝ հոկտեմբերի 28-ը: «Չգիտենք, թե ինչպես է զոհվել, ինչպիսի վիրավորում է ստացել: Իրենից ո՛չ շոր են մեզ փոխանցել, ո՛չ այլ բան: Բանակում սկսել էր ծխել, ասացի՝ գոնե կրակայրիչը տան, իմանամ՝ իր մատները կպել են դրան, պահեմ որպես հիշատակ: Միայն իր զինգրքույկն ենք ստացել: Տղաներից մեկին էր տվել այն, խնդրել, որ պահի, վախեցել էր, որ կկորցնի: Ահագին ժամանակ հետո նոր միայն զինգրքույկը հրամանատարը փոխանցել էր մեծ տղայիս»: Անասելի ծանր է ընտանիքի համար հաղթահարել Արտյոմի ֆիզիկական բացակայությունը: Ընտանիքի անդամները չեն ընդունում նրա չլինելիությունն ու ապրում են հավերժ սպասման ռեժիմում: «Ով Արտյոմին այցելում է, խնդրում եմ կենտ ծաղիկներ տանել, միշտ համարելու եմ, որ Արտյոմս կա: Մինչև կյանքիս վերջին վայրկյանը սպասելու եմ իրեն:


Օտարության դառնությունը կուլ տալով, կոկորդս խեղդելով՝ մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ: Երբ զրուցում էինք, ասում էր, որ երբ համալսարան վերադառնա, խնդրելու է ֆիլմ նկարեն՝ մա՛մ, ամեն ծառ ու քար նկարել եմ, այնքան նկարներ ու տեսանյութեր ունեմ: Բայց իր հեռախոսն էլ մեզ չհասավ, որ իմ բալի նկարները տեսնեի: Աղջիկս չի ընդունում, որ Արտյոմս չկա: Մինչև հիմա ո՛չ շիրիմին է մոտ գնացել, ո՛չ քարն է տեսել, չի ընդունում Արտյոմի չլինելու փաստը, ասում է՝ Արտյոմը կա ու պետք է գա: Մենք այժմ Ռուսաստանում ենք բնակվում, հոկտեմբերի 28-ին և հունվարի 26-ին պարտադիր գալիս ենք Արտյոմի մոտ, հանդիպում իրեն ու վերադառնում: Արտյոմից հետո իմ ներսում ամեն ինչ մեռած է, գոյություն չունի: Երեխաներիս համար, Արտյոմիս անվան համար ապրում եմ: Ամեն օր դուրս եմ գալիս տանից, իրեն բարի լույս ասում, երկնքի հետ խոսում, այդ կերպ հանգստանում եմ մի քիչ: Երևի դա է ուժ տալիս: Ամեն օր պառկում եմ քնելու ու մտածում՝ հիմա կզանգեն ու կասեն, որ Արտյոմն ինչ-որ երկրում է: Այդ հույսով եմ ապրում: Ամեն րոպե իր ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում»:

Հ. Գ. - Արտյոմ Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է «Շիրակ» գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

դիտվել է 262 անգամ
Լրահոս
«ԶԻԼ»-ը Արամուս գյուղում 5 մետր գլորվելով կողաշրջված հայտնվել է բնակչի տան բակում Պետք է խոստովանել, որ Միրզոյանի հավաքական ինտելեկտը միջին ՔՊ-ականից տեսանելի բարձր է Սարսափելի է, ահավոր է Սրանց փորացավը մեկն է՝ ցույց տալ, որ տեսեք՝ ինչ տեղի ունեցավ Արցախում, երբ փոխվեց երկրի ղեկավարը, նույնը կլինի նաեւ Հայաստանում․ Խաչատրյան Իրանը պառակտում է ԱՄՆ-ն ու Եվրոպան միջուկային դոսեի շուրջ Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու դռները մի քանի տարի է՝ փակ են Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության նախագահը լքել է պաշտոնը Ապավինած Աստծուն մենք արել ենք այն, ինչ դեռ երեկ անհնար էր թվում․ մեր կյանքի սրբագրման նոր էջը պիտի բացվի․ Բագրատ Սրբազանի կոչը ժողովրդին Եթե այսպես շարունակվի, Լոռին նույնպես կդառնա սահմանապահ. Բագրատ Սրբազան Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ Սահմանային փոփոխություններից հետո Խնածախի արժեքավոր խաչքարերը հայտնվել են սահմանից 400-960 մ-ի վրա Բերետավորը ծեծում է Բորելի «դաբրոյով» Սուքիասյանը սպառնում է Էրդողանի և Ալիևի «դուխով» Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել Ուկրաինայում խաղաղության հաաստատումը Վլադիմիր Պուտինի ձեռքում է․ Գերմանիայի արտգործնախարար Ողբերգական ելքով վթար Մասիս-Այնթապ ճանապարհին․ կան զոհեր, տուժածների մեջ՝ երեխա Սրբազան շարժման տերը հայ ժողովուրդն է․ Արմեն Աշոտյան Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են Չինաստանի քաղաքացու և Հայաստանի քաղաքացու մոտոցիկլետները. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ինչ անել մինչև hեղեղnւմները, ընթացքում և դրանից հետո․ իրազեկում Առաջիկա շաբաթը մեզ համար լինելու է կարևոր, հանգրվանային և վճռորոշ․ Գառնիկ Դանիելյան Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է՝ պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն, և Արևելյան Երուսաղեմը պետք է լինի նրա մայրաքաղաքը․ Ալիև Ալավերդիում բախվել են «BMW»-ն ու «Honda Accord»-ը. 2 հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ը՝ ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով Հունիսի 9-ը վերջին օրը չէ, բայց առանցքային օրն է մեզ համար․ այդ օրը լինելու է ուղիղ, վճռական, վերջնական գործողություններ իրականացնելու օր․ Բագրատ Սրբազան Գազայում զոհվածների թիվը հասել է 36 հազար 801-ի Մոտ ապագայում 200-300 հազար ադրբեջանցի կարող է բնակվել Հայաստանում. Վարդան Օսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am