Վրեժ Շահրամանյանը`«Կիսաբաց լուսամուտներ»-ի սկանդալային հաղորդման հետքերով
Վերջերս ATV-ով հեռարձակված «Կիսաբաց լուսամուտներ» հերթական հաղորդումը առաջացրեց քննարկումների բուռն ալիք։ Թեման սովորական չէր։ Հաղորդման հյուրը անտարբեր չէր տղաների նկատմամբ, ուներ սոցիալական խնդիրներ: Հաղորդմանն անմիջապես հաջորդեցին համացանցային բուռն քննարկումներն ու մեղադրանքները։ Շատերին հատկապես հետաքրքրում էր՝ վերջ ի վերջո, հոմոսեքսուալությունը հիվանդությու՞ն է, թե՞ ոչ։ Մասնագիտական կարծիք լսելու համար Hayeli.am-ը կապ հաստատեց սեքսոպաթոլոգ բ.գ.թ. Վրեժ Շահրամանյանի հետ, ով նաև վերոնշյալ թողարկման փորձագետներից էր։ Ժամանակակից բժշկության տվյալների համաձայն՝ ոչ։ Հարցի առիթով ստեղծված պատկերը հստակեցնելու ներկայացնեմ մասնագիտական պարզաբանում։ Համաձայն Հիվանդությունների միջազգային դասակարգման՝նույնասեռականությունը հանված է հիվանդությունների շարքից։ Այդ մասին ես խոսել եմ նաև տարբեր ասուլիսներին, քննարկումներին, երբ խոսքը սեռական նախընտրության մասին էր։ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության արդի տվյալներով՝ հոմոսեքսուալությունը հոգեկան խանգարում չի դիտվում:Պաթոլոգիա է համարվում միայն էգո-դիստոնիկ հոմոսեքսուալությունը, որն արտահայտվում է նևրոզով, հոգեբանական և վարքային խանգարումներով, ներքին կոնֆլիկտով։ Էգո-դիստոնիան հոգեկան շեղում է, թարգմանաբար նշանակում է՝ ինքնաժխտում, իր ինչպիսին լինելը չընդունելու երևույթը: Այս դեպքում մարդը չի կարողանում ընդունել իր հակումը դեպի նույն սեռը, նրա հոգեկան վիճակը դառնում է հիվանդագին, առաջանում է հոգեկան սուր դիսբանանս, ներքին կոնֆլիկտ,ինչի կապակցությամբ անհատը կարող է դիմել բժշկի օգնության։ Պետք է նշել, որ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հոմոսեքսուալների նկատմամբ խտրականության և ստիգմատիզացիայի հետևանքով վերջիններս առավել հակված են նևրոզների, դեպրեսիաների և սուիցիդալ փորձերի: Հետևաբար, հոմոսեքսուալները ևս հոգեթերապևտիկ օգնության կարիք ունեն: Սա փաստում է ժամանակակից բժշկությունը։ Ինչ վերաբերում է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ժամանակ հնչած իմ գնահատականին, ապա ասեմ, որ երկար-բարակ խոսել, մանրակրկիտ բացատրել այս ամենը այնտեղ հնարավոր չէ, քանի որ քննարկումները հաճախ լինում են բավականին թեժ, և ժամանակը միշտ շատ սուղ է։ Բացի այդ, չպետք է մոռանալ, որ դա հաղորդում է, ոչ թե բժշկական դասախոսություն, հետևաբար, խոսքը հնչում է կարճ՝ առանց հանգամանալից վերլուծության, ինչի արդյունքում գուցեև միտքս սեղմ և հակիրճ է արտահայտվել։ Ես կհորդորեի, որ ագրեսիվ քննարկումներն ու բոցաշունչ «բառազեղումները» դադարեցվեին։ Ավելորդ լարվածությունը երբեք օգտակար չի եղել։ Բացի այդ, պետք է միշտ հիշել որ, անկողնային կյանքի կանոնները խիստ անհատական են և տարաբնույթ, յուրաքանչյուր մարդ ունի իր նեղ անձնականը, որը միայն իրեն է պատկանում և հրապարակման ու քննարկման ենթակա չէ։ Այդ նեղ անձնականն էլ կոչվում է ինտիմ տիրույթ։
