Առևտրականները չեն լռելու. թեժ իրավիճակ Մալաթիա տոնավաճառում
«145 հազար դրամ ամսական վճարում եմ մի հատ փոքր տաղավարի համար: Օրերով առևտուր չի լինում, գործը կանգնած է, բայց մենք ստանդարտ վճարում ենք: Այսպես չի կարող շարունակվել գնալով «սկում ենք»»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մալաթիա տոնավաճառում առևտուր իրականացնող Թագուհի Մելիքյանը: Նշենք, որ Մալաթիա տոնավաճառի աշխատակիցներն այսօր առավոտյան բողոքի ակցիա են սկսել տոնավաճառի դիմաց: Առևտրականները չեն բացել տաղավարները և պահանջում են տոնավաճառի տնօրինությունից վերանայել վարձակալած տարածքի վարձավճարները: Թագուհին տեղեկացրեց, որ տնօրինությունը չի ցանկանում զիջել:Ավելին փորձում են ճնշել առևտրականների բողոքի ակցիան: «Մեզնից պահանջել են դադարեցնել գործադուլը, կամ ազատել տաղավարները՝ հայտարարելով, որ վարձավճարի իջեցում չի լինելու:Ասել են, որ միևնույն է զիջումների չեն գնա, եթե անգամ մեջներիցս կիսվենք»,-նկատեց առևտրականը: Առևտրականները մտադիր են մինչև վերջ պայքարել, նրանք նշում են, որ չեն համակերպվելու ներկա իրավիճակին: «Մի քանի մարդ ուզում է ապրի ու մնացածի քրտինքի հաշվին ունեցվածք դիզի, ոնց կարելի է այսպես: Սա երկիր է ու մենք հայ ենք»,-եզրափակեց Թագուհին: Առևտրականները չեն հեռանալու, մտադիր են փակել տոնավաճառի փողոցը, եթե իրենց բարձրացրած հարցը ղեկավարությունն առաջիկա ժամերին քննարկման չդնի: Աստղիկ Ավագյան
