Նիկոլ Փաշինյանը նորօրյա «մեկնիչ»

2024թ. ապրիլի 10-ին՝ ՀՀ կառավարության ծրագրի 2023թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է. «…Միջազգային հանրությունը ասել ա… Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը պետք ա պաշտպանվի և Լեռնային Ղարաբաղը պետք ա Ադրբեջանի կազմում ունենա ինքնավար կարգավիճակ: Հասկանո՞ւմ եք, էսա ամբողջ պրոբլեմը: …նրանք, ովքեր ստեղծել են «ինքնորոշում» բառը և եզրույթը, ասում են հարգելի հայաստանցիներ… այո, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ունի ինքնորոշման իրավունք և դա պետք է արտահայտվի Ադրբեջանի կազմում ինքնավարություն ունենալու հետ: Մենք սրա հետ չենք առերեսվել: …Եվ գիտե՞ք ինչի ա Լեռնային Ղարաբաղը հայաթափվել, որովհետև մենք բոլորս չենք առերեսվել էս պարզ իրողության հետ: …որովհետև դա նշանակում էր, որ Ադրբեջանի կազմում պետք ա լինի Լեռնային Ղարաբաղ ինքնավար կարգավիճակով, որտեղ կառավարումը պետք ա իրականացնեն երկու սուբյեկտ՝ Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքը և Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը: …սա յա էղել էն բանակցային կետը, անշրջելի ժառանգությունը բանակցային, որը ես ստացել եմ ժառանգություն 2018 թվականին:»:
Մեջբերումից պարզվում է, որ՝ ըստ Նիկոլ Փաշինանի՝
• ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման համատեքստում միջազգային հանրությունը «ինքնորոշում» ասելով նկատի է ունեցել և նկատի ունի ինքնավար Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում:
• ինքը 2018 թվականին ստացել է ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման այնպիսի ժառանգություն, որով բացառվել է Ադրբեջանի կազմից դուրս Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հնարավորությունը:
Հիմնվելով հարցին վերաբերելի միջազգային իրավական ակտերի, ինչպես նաև ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորմանը վերաբերող փաստաթղթերի վրա՝ ներկայացնենք, թե միջազգային իրավունքում ի՞նչ է նշանակում «ինքնորոշում» հասկացությունը, ի՞նչ իմաստ և բովանդակություն ունի այն, ինչպես նաև փորձենք հասկանալ՝ արդյո՞ք ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորմանն առնչվող փաստաթղթերով բացառվում էր Ադրբեջանի կազմից դուրս Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ինքնորոշման հնարավորությունը:
Համաձայն 1966թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» և «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրերի 1-ին հոդվածների՝ «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։ Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն հետամուտ են լինում իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը։»:
1970թ. հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության համաձայն պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագիր, որտեղ նույնպես պարզաբանված է «ինքնորոշում» հասկացությունը:
Այսպես. «ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի ուժով բոլոր ժողովուրդներն իրավունք ունեն ազատորեն, առանց արտաքին միջամտության, որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը և հետամուտ լինելու իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը, և յուրաքանչյուր Պետություն պարտավոր է հարգել այդ իրավունքը՝ (ՄԱԿ-ի – Ս. Հ.-Ջ.) Կանոնադրության դրույթներին համապատասխան:… Անկախ և ինքնիշխան Պետության ստեղծումը, անկախ Պետության հետ միացումը կամ միավորումը, կամ որևէ այլ քաղաքական կարգավիճակի հաստատումը, որը ազատորեն որոշվել է ժողովրդի կողմից, հանդիսանում են տվյալ ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացման ձևեր»:
«Ինքնորոշում» հասկացությունը պարզաբանված է նաև միջազգային իրավունքի սկզբունքներին վերաբերող միջազգային իրավական այնպիսի հիմնարար ակտերից մեկում, ինչպիսին Հելսինկյան եզրափակիչ ակտն է:
1975թ. օգոտոսի 1-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ստորագրված Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի (ԵԱՀԽ) եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի տասը սկզբունքներից ութերորդ սկզբունքի համաձայն՝ «Ժողովուրդների իրավահավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքի հիման վրա բոլոր ժողովուրդները միշտ իրավունք ունեն, երբ և ինչպես ցանկանում են, լիակատար ազատության մեջ, առանց արտաքին միջամտության որոշել իրենց ներքին և արտաքին քաղաքական կարգավիճակը և հետամուտ լինել իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը, ինչպես իրենք ցանկանում են:»:
«Ինքնորոշում» հասկացության բովանդակությունը ներկայացված է նաև միջազգային իրավական ևս մեկ առանցքային ակտում: 2007թ. հոկտեմբերի 13-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» հռչակագիր: Ըստ այդ փաստաթղթի 3-րդ հոդվածի՝ «Բնիկ ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։ Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն իրականացնում են իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը։»:
Այսպիսով, «ինքնորոշում» հասկացության պարզաբանմանը վերաբերող միջազգային իրավական բոլոր հիշատակված ակտերն անառարկելիորեն վկայում են այն մասին, որ ինքնորոշումն իր քաղաքական կարգավիճակն ինքնուրույն, առանց արտաքին միջամտության որոշելու և իր տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացմանը ազատորեն հետամուտ լինելու յուրաքանչյուր ժողովրդի իրավունքն է: Եվ յուրաքանչյուր պետություն պարտավոր է հարգել այդ իրավունքը:
Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, թե ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման համատեքստում միջազգային հանրությունը «ինքնորոշում» ասելով նկատի է ունեցել և նկատի ունի ինքնավար Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում, հակասում է «ինքնորոշում» հասկացությունը սահմանող, կամ պարզաբանող միջազգային իրավական ակտերի դրույթներին:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանն, ըստ որի՝ ինքը 2018 թվականին ստացել է ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման այնպիսի ժառանգություն, որով բացառվել է Ադրբեջանի կազմից դուրս Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հնարավորությունը, ապա այս առնչությամբ էլ հարկ է նշել հետևյալը:
2007թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների կողմից Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին է հանձնվել ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին փաստաթուղթ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին փոխանցելու համար: Փաստաթուղթն առավել հայտնի է «Մադրիդյան սկզբունքներ» անունով:
Չհանդիսանալով «Մադրիդյան սկզբունքներ»-ի պաշտպանը՝ այդուհանդերձ անհրաժեշտ եմ համարում նշել, որ համաձայն հիշյալ փաստաթղթի առաջին սկզբունքի՝ «ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում,… ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն:»:
Մեջբերումից պարզվում է, որ անորոշ ապագայում տեղի ունենալիք հանրաքվեի ընթացքում քվեաթերթիկում կարող է ձևակերպված լինել նաև նախկին ԼՂԻՄ-ին անկախ կարգավիճակի հնարավորություն տվող հարցադրում: Եվ եթե 1988թ. ազգային համամասնությամբ ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը, այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը, մասնակցեին նշված հանրաքվեին և մեծամասնությունը կողմ քվեարկեր նախկին ԼՂԻՄ-ի տարածքին անկախ կարգավիճակի հնարավորություն տվող հարցադրմանը, ապա նախկին ԼՂԻՄ-ի տարածքը ձեռք կբերեր անկախություն: Այսինքն՝ ինքնորոշվելով՝ նախկին ԼՂԻՄ-ի տարածքը կարող էր ունենալ անկախ պետության կարգավիճակ:
Ավելորդ չեմ համարում նշել նաև, որ համաձայն ԽՍՀՄ-ում անցկացված վերջին մարդահամարի տվյալների՝ 1989թ. հունվարի 1-ի դրությամբ ԼՂԻՄ-ի բնակչության թիվը կազմել է 189.100 մարդ, որից 145.500-ը, կամ ընդհանուր բնակչության 76.9%-ը եղել են հայեր, 40.700-ը, կամ ընդհանուր բնակչության 21.5%-ը՝ ադրբեջանցիներ, 1900-ը, կամ ընդհանուր բնակչության 1%-ը՝ ռուսներ և 1000 հոգի՝ այլ ազգի ներկայացուցիչներ, որը կազմել է ընդհանուր բնակչության 0.5%-ը:
«Մադրիդյան սկզբունքներ»-ը հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հակամարտության կողմերին ներկայացված առաջին առաջարկությունն է, որտեղ «ինքնորոշում» ասելով նկատի էր առնվում նախկին ԼՂԻՄ-ի տարածքի ինքնորոշում նաև Ադրբեջանի կազմից դուրս: Նախորդ բոլոր առաջարկությունների դեպքում նախկին ԼՂԻՄ-ի տարածքը համարվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս:
Ամենևին էլ պատահական չէ միջնորդների մոտեցման մեջ նման արմատական փոփոխության ի հայտ գալը: Բանն այն է, որ դեռևս 2005թ. հունվարի 25-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերահաժողովն ընդունել է բանաձև ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որտեղ անուղղակիորեն խոսվում է ինքնորոշման իրավունքի մասին:
Փաստաթղթի 2-րդ կետում, մանավորապես, արձանագրված է հետևյալը. «Վեհաժողովը վերահաստատում է, որ տարածաշրջանային տարածքի անկախությունը և պետությունից անջատումը կարող է ձեռք բերվել միայն օրինական և խաղաղ գործընթացի միջոցով, որը հիմնված է այդ տարածքի բնակիչների ժողովրդավարական աջակցության վրա, այլ ոչ թե զինված հակամարտության հետևանքով, որը տանում է դեպի էթնիկ վտարման և նման տարածքի դե ֆակտո միացման մեկ այլ պետության։»:
Մեջբերված հատվածում առկա «…տարածքի անկախությունը և պետությունից անջատումը կարող է ձեռք բերվել միայն օրինական և խաղաղ գործընթացի միջոցով, որը հիմնված է այդ տարածքի բնակիչների ժողովրդավարական աջակցության վրա…» ձևակերպումն անուղղակիորեն վկայում է ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության մասին:
2005թ. սեպտեմբերի 21-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ընդունած փաստաթղթում, արդեն, ուղղակիորեն վկայակոչվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Փաստաթղթի 2-րդ կետում, մասնավորապես, արձանագրված է հետևյալը. «Այն գոհունակությամբ նշում է Պրահայի գործընթացի շրջանակներում այս հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ուղիղ երկխոսության շարունակությունը և միջազգային իրավունքի լիակատար հարգանքը (մասնավորապես «Հելսինկյան եզրափակիչ ակտի» (1975թ.) 4-րդ և 8-րդ սկզբունքները. պետությունների տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը): Այն վերահաստատում է իր լիակատար աջակցությունը այս երկխոսության հաջողությանը և, այս առումով, Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին։»:
Ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ «Մադրիդյան սկզբունքներ»-ին մինչ օրս հաջորդած բոլոր փաստաթղթերում, բացի 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին» հայտարարության, ուղղակի կամ անուղղակի կերպով մշտապես նշվել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների համաձայն: Խոսքն, անշուշտ, վերաբերում է ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, թե ինքը 2018 թվականին ստացել է ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման այնպիսի ժառանգություն, որով բացառվել է Ադրբեջանի կազմից դուրս Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հնարավորությունը, մոլորություն է և չի համապատասխանում իրականությանը:

 


ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ քաղաքագետ

դիտվել է 483 անգամ
Լրահոս
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի գործընկերներին Տարեկան մինչև 45 հազար նոր աշխատատեղ կստեղծվի. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին. հակաեկեղեցական արշավը հայտնվել է փակուղում. քաղաքագետ Իրանը չի ենթարկվելու խուլիգաններին. Փեզեշքիան Իրանական հրթիռի բեկորները՝ Երուսաղեմում՝ Հայկական վանքի հարևանությամբ գտնվող կայանատեղիում «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին Իրանի դեմ պատերազմը փոփոխելու է ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները․ իրանագետ Մխիթարյանը վնասվածք է ստացել Սա քաղաքական անընդունելի պրակտիկա է, նաև էթիկական լրջագույն խնդիր․ Իրավապաշտպան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններ Տերը օրհի Մայր Աթոռը իր օրինական գահակալով և ամբողջ հոգևորականաց դասով․ Տեր Սարգիս Ռուբենը մեր ժամանակների ամենաուժեղ հայն է․ Մեսրոպ Առաքելյան Ադրբեջանի հետ խաղաղությունը պետք է հիմնված լինի անվտանգության վրա․ Քոչարյան ԵՄ արտգործնախարարները հրաժարվել են ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվն ավելացել է 3 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով 3 վիրավորներից մեկն անչափահաս է TRIPP-ի ճակատագիրը ուղղակիորեն կախված է այն հանգամանքից, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում այսօր Իրանի շուրջ. Արմեն Հովասափյան Մեկ անձ, մեկ քույր, միլիոնավոր դրամներ. 76 միլիոն դրամ՝ Ժաննա Անդրեասյանի քրոջ տնօրինած ՍՊԸ-ին Լուսանկարներ «Հայաստան» դաշինքի հանդիսավոր արարողությունը Մենք վճռական ենք, մեր նպատակը հաղթանակն է․ Քոչարյան Մենք վստահ ենք, որ առաջարկվող տնտեսական լուծումները կապահովեն մեր տնտեսության թռիչքաձև աճը ու մեր հայրենակիցների բարեկեցիկ կյանքը․ Արթուր Խաչատրյան Ով է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Խորխոռունու սպանության գործով Սամվել Բաբայանի թիկնազորի նախկին պետն ազատության մեջ է Վահե Հակոբյանը դատի է տվել Արմեն Խաչատրյանին․ինչ է պահանջում Այս պայքարում ձախողվելու իրավունք չունենք․ Սևակ Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am