Ապտակների տարափ`Ալիևյան կլանի «դեմքին»

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ընդունվեց ընդդեմ Ադրբեջանի երկու զեկույց: 114 կողմ և 24 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Ադրբեջանի նախագահություն. ինչ հետևանքներ կան» զեկույցը, իսկ 117 կողմ 18 դեմ ձայների հարաբերակցությամբ  Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը զեկույցը: Այսպիսով, ԵԽԽՎ անդամները քվեների ճնշող մեծամասնությամբ հաստատեցին Ադրբեջանում տիրող ներքաղաքական կացությանը վերաբերող երկու բանաձևերի նախագծերը: Ավստրիացի Ստեֆան Շենախի և ռումինացի Սեզար Ֆլորին Պրեդայի` «Ժողովրդավարական կառույցների գործունեությունն Ադրբեջանում» անվանումը կրող 15-կետանոց բանաձևը հաստատվեց քվեների 117 կողմ և 18 դեմ հարաբերակցությամբ: Իսկ բելգիացի պատգամավոր Ալան Դեստեքսի հեղինակած «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում: Որո՞նք են լինելու հաջորդ քայլերը» վերնագրված բանաձևի օգտին քվեարկեցին Վեհաժողովի լիագումար նիստի 152 մասնակիցներից 114-ը: Երկրորդ բանաձևի գլխավոր առանձնահատկությունը փողերի լվացման` այսպես կոչված «Ադրբեջանական լվացքատան» շուրջ ծագած սկանդալի մասին հիշատակումն ու դրա անհապաղ հետաքննության մասին կոչերն էին: «2012-2014թթ. փողերի լվացման լայնամասշտաբ սխեմաների կիրառման և դրանց միջոցով Վեհաժողովի անդամների գործունեության վրա ազդելու մասին տեղեկությունները լրջորեն մտահոգում են ԵԽԽՎ անդամներին: Վեհաժողովը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ կերպով այս մեղադրանքների առթիվ անկախ և անկողմնակալ հետաքննություն սկսել` լիարժեքորեն համագործակցելով միջազգային կառույցների հետ», - նշված է Ալան Դեստեքսի հեղինակած բանաձևի նախագծում: Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ` սեպտեմբերի 6-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի իրավաբանական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը հավանություն էր տվել բելգիացի պատգամավորի հեղինակած այս բանաձևի նախագծին: Նախագծերի քննարկման ընթացքում եվրոպացի պատգամավորները բավական կոշտ արտահայտություններ էին հնչեցնում Ադրբեջանի իշխանությունների հասցեին` հիշատակելով թե՛ պաշտոնական Բաքվի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալը և թե՛ քաղբանտարկյալների առկայությունը: «Այսօր մենք երկու բանաձև ունենք Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության, իսկ ավելի ճիշտ՝ դրանց անգործության մասին: Ադրբեջանը վերջին տեղում է մամուլի ազատության և կոռուպցիայի ընկալման ցուցիչներում, այդ երկրում քաղբանտարկյալներ կան: Ես հարց եմ ուղղում իմ ադրբեջանցի գործընկերներին` ե՞րբ է ազատ արձակվելու Իլգար Մամեդովը: Բացի այդ, տեղեկություններ են առկա ավելի քան 2․5 միլիարդ դոլարի մասին, գումար, որ նախատեսված էր քաղաքական գործիչներին կաշառելու համար` այսպես կոչված «Լվացքատան գործը»: Արդյոք մեր ադրբեջանցի գործընկերները կհամագործակցե՞ն մեզ հետ, եթե մենք որոշենք հետաքննություն սկսել, թե՞ նրանք շարունակելու են մեղադրել ողջ Եվրոպային», - հռետորական հարցերի շարան էր հնչեցնում հոլանդացի պատգամավոր Պիտեր Օմտցիգտը: Այս ելույթը հունից հանեց Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին: «Պարո՛ն Օմտցիգտ: Հերի՛ք է ժողովրդավարության անկողմնակալ աջակցի դեր խաղալ: Մենք շատ լավ գիտենք, թե ովքեր են կանգնած ձեր թիկունքում: Մենք գիտենք ձեր հայաստանցի աջակիցների մասին», - հայտարարում էր Սեիդովը: Ադրբեջանցի պատգամավորի համոզմամբ՝ Խորհրդարանական վեհաժողովում Բաքվի դեմ քննադատության հերթական ալիքի նախաձեռնողը ոչ միայն հայերն են, այլև անձամբ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: «Ինչո՞ւ է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, որը պետք է ամեն կերպ աջակցի պետությունների միջև երկխոսության ծավալմանը, մի կողմից իր համար շատ ընդունելի շփումների մեջ մտնում Ռուսաստանի Դաշնության հետ, բայց մյուս կողմից շատ կոշտ դիրքորոշում է որդեգրում Ադրբեջանի հանդեպ», - վրդովվում էր Սեիդովը: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ ուկրաինուհի Օլենա Սոտնիկը, սակայն, կոչ էր անում իր ադրբեջանցի գործընկերոջը դավադրապաշտության գիրկը չընկնել: «Պարոն Օմտցիգտը ուղիղ հարցադրումով հանդես եկավ, որը վերաբերում էր կոռուպցիոն մեղադրանքներին: Այդ հարցին մեղադրանքներով հակադարձելը, կարծում եմ, կոռեկտ չէ և դուրս է էթիկայի սահմաններից: Թույլ տվեք պատասխանել իմ ղեկավարած կոմիտեի անունից: Ես տեղյակ եմ, թե ով է մեր թիկունքում` նախևառաջ Մարդու իրավունքների կոնվենցիան և մարդու իրավունքները որպես արժեք, օրենքի գերակայությունն ու հարգանքը [մարդու] հիմնարար ազատությունների հանդեպ», - հայտարարում էր Սոտնիկը: Շուրջ մեկուկես ժամ տևած քննարկման ընթացքում ադրբեջանական պատվիրակության առաջարկած մոտ մեկ տասնյակ լրացումները, որոնց գլխավոր նպատակն էր մեղմացնել երկու բանաձևերում առկա կոշտ ձևակերպումների գոնե մի մասը, մերժվեցին: Փոխարենը, եվրոպացի պատվիրակների առաջարկած և խիստ քննադատություն պարունակող մի շարք լրացումները հաստատվեցին քվեների մեծամասնությամբ: Այս ամենը ստիպեց ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին հանդես գալ հատուկ հայտարարությամբ: «Այս ամենն իրոք շատ տարօրինակ է: Ես շատ լավ հասկանում եմ, որ մեր որոշ գործընկերներ փորձում են իրավիճակը չափազանցված ներկայացնել: Բայց դա արժեզրկում է այն փաստաթուղթը, որ դուք պատրաստվում եք ներկայացնել ադրբեջանական իշխանություններին: Դուք կարող եք գրել նույնիսկ, որ մենք, ասենք, Եվրոպայի խորհրդի և ԵԽԽՎ անդամ չենք, և դա ուղղակի անհեթեթություն է», - նշում էր Սեիդովը: Խորհրդարանական վեհաժողովի զեկուցողներն, այսպիսով, կոչ են անում վերանայել բանտարկյալների այդ խմբի գործերը` հատուկ ընդգծելով նրանցից մի քանիսի` «Ռեալ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի, Թբիլիսիում առևանգված լրագրող Աֆղան Մուխթարլիի, ՆԻԴԱ երիտասարդական շարժման ակտիվիստ, բլոգեր Իլքին Ռուստամզադեի, ավելի քան 10 տարի բանտում գտնվող Սայիդ Դադաշբեյլիի, լրագրող Մեհման Հուսեյնովի անունները: ԵԽԽՎ զեկուցողները նաև կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին՝ կյանքի կոչել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից վերջին տարիներին կայացված 120 վճիռները, որոնք պաշտոնական Բաքվի կողմից կամ անտեսվել են, կամ էլ մասնակիորեն են կատարվել: ԵԽԽՎ աշնանային նստաշրջանն, այսպիսով, առանձնացավ Ադրբեջանի հանդեպ որոշակի բացասական զեկույցների ընդունմամբ: Վաղուց ժամանակն էր, որպեսզի այս կառույցը, որտեղ քիչ չեն ադրբեջանական «խավիարային դիվանագիտությունից» օգտվողները, զգան որոշակի կաշկանդվածություն: Իհարկե, Բաքուն չի դադարեցնելու իր աշխաոճը, բայց եվրոպական կառույցներն էլ պարտավոր են հասկանալ, որ վաղ թե ուշ կեղծիքի, ստի տարածման, կաշակերությամբ գործունեություն ծավալելու աշխաոճը ջրի երես է դուրս գալու, և անհնար է այն հավերժ թաքցնել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 30 անգամ
Լրահոս
«Ու՞մ է վրա է քշում Փաշինյանը»․ ԵԱՏՄ–ն պետք է ուղիղ կամ նամյոկով ասի՝ կա՞, թե՞ չկա (video) Ծիրանը, լոլիկը թանկացել են, ելակը անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ ա. Փաշինյանը՝ Պապոյանին (video) #ՀԻՄԱ․ «Ռուսաստանը դանդաղ, բայց սարսափելի որոշում է կայացնելու. պատերազմի վտանգ կա». Վիգեն Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանի խայտառակ պատասխանն ու նոր սպառնալիքը՝ պատերազմի վերաբերյալ հարցին (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Երևանում բախվել են թիվ 15 ավտոբուսը, «Hyundai»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Երևանում և Արմավիրի մարզում ուժեղ քամուց ծառեր են տապալվել ու տանիքներ վնասվել. ՆԳՆ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. Մակրոն ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վենեսուելային Արցախի դրոշի համար հազարավոր տղերք են զոհվել, ո՞վ ա ուղեղդ լցրել ,որ...Մանուկյանը՝ Արման Ծառուկյանին (video) Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» #ՀԻՄԱ․ Սարսափելի թվեր են հրապարակվել.ինչու՞ է Փաշինյանը բղավում հեղափոխություն արեք. Էդիկ Անդրեասյան (video) 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am