Բելառուսի խոստումը Ադրբեջանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարները և խոստացել Ադրբեջանին աջակցել ռազմատեխնիկական ոլորտում: Այս մասին հայտնում է Minval.az-ը: Լուկաշենկոն նշել է, որ իրենք ադրբեջանցիների հանդեպ ընդհանրապես ոչ մի պահանջ չունեն: «Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում նրանց: Եվ ամենագլխավորը՝ ես լավ հիշում եմ, որ դժվար ժամանակներում ձեր նախագահը միշտ ուսը տրամադրում էր բելառուսական պետությանը: Մենք այդ ամենը շատ լավ հիշում ենք և պատրաստ ենք, եթե կարողանանք որևէ բան անել Ադրբեջանի համար, անել, որպեսզի ձեր ժողովուրդն ապրի անվտանգության մեջ, պետությունը զարգանա, Ադրբեջանը և ժողովուրդը բարգավաճեն, որպեսզի բնակչության եկամուտներն աճեն և որպեսզի ադրբեջանցիներն ավելի հարուստ լինեն: Մենք միայն այս ազնիվ նպատակները կհետապնդենք»,- ասել է նա:
