«Կարևոր է, որ մեր ֆուտբոլիստները, որոնք մոտ լինեն Մխիթարյանին, փորձեն պայքարել նրա հետ». Ալեքսանդր Բորոդյուկ
Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Ղազախստանի ընտրանուն: Այսօր արդեն հավաքականը մեկնել է Ղազախսատն՝ վաղը՝ հոկտեմբերի 8-ին, խաղին մասնակցելու: Խաղից առաջ Ղազախստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկն ասել է, որ ամենակարևորն այն է, որ ֆուտբոլիստները կարողանան հաղթել միկրոմենամարտերում և ճիշտ ընտրեն իրենց դիրքերը խաղադաշտում: «Կարևոր է անհատական վարպետությունը: Մեր թիմը շատ հնարավորություններ է ստեղծում, սակայն դրանք իրացնելու հարցում խնդիրներ են առաջանում: Այդ խնդիրը պետք է լուծել: Խաղալու ենք տանն ու կենտրոնանալու ենք հարձակման և գոլ խփելու վրա» ,- նշել է նա: Այնուհետև հայտնել է, որ համաշխարհային ֆուտբոլում հիմա գրեթե ոչ ոք անհատապես չի խաղում. «Կարևոր է, որ մեր ֆուտբոլիստները, որոնք մոտ լինեն Մխիթարյանին, փորձեն պայքարել նրա հետ և հաղթող դուրս գան այդ պայքարում: Բոլոր մարզիչներն էլ կարող են ասել, որ պետք է անհատապես հսկել Մեսսիին կամ Լևանդովսկուն, սակայն դա չի խանգարում նրանց գոլի հեղինակ դառնալ: Դա վարպետություն է, տաղանդ և ֆուտբոլիստի մտածելակերպ»:
