100 տոկոսից էլ ավելի. շտապօգնությունը վճարովի՞ կդառնա
«100 տոկոսով, եթե հնարավոր է՝ նաև ավելի, ես համաձայն եմ այն քաղաքացիների հետ, որ շտապ օգնության ծառայությունները դառնան վճարովի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Սակայն նաև նշեց, որ եթե խոսքը գնում է շտապ բժշկական ծառայությունների մասին է, ապա դրանք պետք է շարունակեն անվճար ու հասանելի լինել բոլոր բնակիչներին. «Դրա հետ մեկտեղ՝ պետք չէ մերժել այդ ծառայությանը՝ կատարել որոշակի հավելյալ ծառայություններ վճարովի: Օրինակ, հաճախորդը չի ցանկանում գնալ պոլիկլինիկա, որպեսզի սրսկվի, որովհետև անձրև է գալիս, նա ցանկանում է, որ բուժքույրը գա ու սրսկի տանը: Կարելի՞ է սրա համար վճար գանձել, և նմանատիպ շատ այլ դեպքերում, եկեք քննարկենք ու հանրային լսումներ կազմակերպենք»: Այնուհետև նախարարը հայտնեց, որ մշակվել է «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը: «Այսպիսի ինստիտուտ գործում է ավելի քան 40 երկրներում: Սա երկաստիճան համակարգ է: Առաջին աստիճանը գործում է հիվանդանոցներում, բժշկական հաստատություններում, բուժկենտրոններում և ներկայացնում է տնօրենի տեղակալի պաշտոնը, որը պարտավոր է քաղաքացիների բողոքներն ընդունել, քննել և տալ պատասխան: Նման գործառույթ մենք չունենք, և դա պետք է ներդրվի, որից հետո եթե քաղաքացու հարցը չի բավարարվել, կամ մնացել են բաց հարցեր, լրացնում է համապատասխան ձևը և դիմում է առողջապահության ոլորտի հաշտարարին: Գաղտնիք չէ, որ այսօր հաճախորդները պաշտպանված չեն: Ոչ մեկը լավ չգիտի օրենքները: Հենց այդ նպատակով ստեղծվում է այս ոլորտի հաշտարարը»:
