«Սա ընկալումների հարց է». Էդուարդ Շարմազանովը` Էդմոն Մարուքյանին
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հակադարձելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե իրենց խմբակցության 7 անդամներով ԱԺ նիստում ջախջախել են ՀՀԿ-ի 70-հոգանոց խմբակցությանը, ասաց, որ ինչպես ցանկացած նորմալ ժողովրդավարական երկրում, տարբեր քաղաքական գործընթացների վերաբերյալ տարբեր քաղաքական գործիչներ և կուսակցություններ կարող են ունենալ տարբեր կարծիքներ և ընկալումներ: «Քաղաքական ջախջախումների հետ կապված կարող եմ ասել, որ սա ևս ընկալումների հարց է: Մի կուսակցության համար կարող է համապետական ընտրություններում 50 % հավաքելը կամ Երևանի ավագանու ընտրություններում 70 % հավաքելը համարվել համեստ հաջողություն, իսկ մեկ այլ կուսակցության համար 5 կամ 7 % հավաքելը կարող է լինել ջախջախիչ հաղթանակ»,- ասաց նա: Ինչպես նշեց` նոյեմբերի 5-ին կայանալու են ՏԻՄ ընտրություններ, սակայն «Ելքը» դեռևս որևէ համայնքում համայնքապետի թեկնածու չի առաջադրել:
