Ցլերն ուժեղ են, եկեք հանվենք, եկեք դադարենք հայ լինել, որ էլ չկոտորեն. Հանրային ռադիոյի տնօրենն արձագանքել է վարչապետի հարցազրույցին

Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Անվտանգային միջավայր» հաղորդաշարին տված հարցազրույցին։ Նա ներողություն է խնդրել ունկնդիրներից։

«Հանրային ռադիոյի այս տաղավարում հունվարի 31-ին տեղի ունեցածը լավ ժուռնալիստիկա չէր։ Մեղավորը ես եմ։ Հարգելի գործընկերս՝ Բարեղամ Ղուկասյանը, բացառիկ մասնագետ է, բայց նեղ ուղղվածության՝ լուրերի հաղորդավար է։ Ու երբ ամիսներ առաջ առաջարկեցի նրան հարցազրուցավարի դերն էլ փորձել, նա, որքան ուժ ուներ, դիմադրում էր։ Իսկ ես, ընդհակառակը՝ վստահ էի, որ կբացվի ու պնդում էի, որ «Անվտանգային միջավայր» հաղորդաշարը հենց ինքը վարի։

Վարչապետի մասնակցությամբ՝ թիվ 22 թողարկման մասին Բարեղամի հետ երկար ենք խոսել ու եկել ենք այն եզրակացության, որ առաջիկայում նա կկենտրոնանա լուրերում իր աշխատանքի վրա, կանի այն, ինչն իսկապես գերազանց է անում, իսկ հարցազրույցների ժանրին կվերադառնանք, երբ զգանք, որ պատրաստ է։

Հազիվ եմ համոզել, որ աշխատանքից ազատվելու դիմումը հետ վերցնի։

«Անվտանգային միջավայր» հաղորդումը հետայսու այլ մարդ կվարի։ Դեռ չգիտեմ՝ ով։

Ներողություն եմ խնդրում Հանրային ռադիոյի այն ունկնդիրներից, ում սպասելիքները չարդարացրինք։ Վարչապետի հետ մեր հարցազրույցն անկասկած շատ ավելի լավը կարող էր լինել։

Հիմա բուն տեղի ունեցածի մասին։

Հունվարի 31-ին այս տաղավարում ծավալված ու մեր ռադիոլսողներից շատերի մոտ հարցեր առաջացրած խոսույթը քաղաքական չէր։ Այն «խորհուրդ խորին»-ի շուրջ էր՝ մեր երկրի գոյաբանական իմաստների ու մեր ինքնության շուրջ։

Այն ծավալվել է իմ ղեկավարած լրատվամիջոցում, և որպես տան տեր պիտի մի երկու բառ էլ ես ասեմ։

Անցած շաբաթ այս տաղավարում մեզ առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք։ Մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ։ Թուրքերը կոտորում են հայերին։ Այս սիլլոգիզմը պիտի որ ավարտվեր «եկեք ուժեղանանք» դեդուկտիվ եզրահանգմամբ, բայց փոխարենը հնչեց «եկեք դադարենք հայ լինել»-ը:

Տրամաբանական մտավարժանքի տեսանկյունից երկու եզրահանգումներն էլ անխոցելի են ու հավասարապես ճիշտ։ Բայց սա շտեմարանային խնդիր չէ։

Թուրքերը կոտորում են հայերին։ Եկեք դադարենք լինել հայ, որ էլ չկոտորեն։

Առնվազն մեզ առաջարկվել է խորհել այդ մասին, որովհետև Հռչակագիրը, օրհներգը, զինանշանը և հաղորդման ընթացքում կասկածի տակ առնված մնացած բաները քաղաքական մեր ինքնության հիմքն են։

Նույն հաջողությամբ, օրինակ, սովի պայմաններում կարելի է մարդկանց առաջարկել դադարել լինել մարդ։ Առնվազն խորհել սովի պայմաններում մարդակերության նպատակահարմարության շուրջ։

Ուղղակի երջանիկ կլինեի, եթե իմանայի, որ սա էլ խաղ է՝ մանևր ժամանակ շահելու և ուժեղանալու համար։ Բայց ինչպե՞ս ենք մենք օգտագործել արդեն շահած ժամանակը։ Ինչպե՞ս ենք մենք օգտագործել անմարդկային ջանքերի, համազգային նվաստացման,

2021-ին Իշխանասարում,

2022-ին Կապանում, Ջերմուկում ու Վարդենիսում,

2023-ին Արցախում

զոհված ավելի քան 400 տղաների ու աղջիկների արյան և հարյուր հազար արցախցիների սկզբից սովի մատնվելու, ապա բնավեր լինելու գնով ձեռք բերված անգին այս երեք տարիները։

Շատ հեշտ է, գիտեք, ոչինչ չանել, իսկ հետո ասել, թե ցլերն ուժեղ են։ Եկեք հանվենք։ Գուցե այդպես նրանք մեզ ոտատակ չտան:

Հնդկական ու ֆրանսիական զենքի մատակարարումները, զինվորականների աշխատավարձերի բարձրացումը, ատեստացիան, «Պաշտպան հայրենյացը», վարժական հավաքները որպես այդպիսին, իրենք իրենցով, կոնտեքստից ու ժամկետներից դուրս բացարձակապես գերազանց են ու անվերապահորեն շլացուցիչ։

Իսկ կոնտեքստի ու ժամկետների մե՞ջ։

Որքանո՞վ է այդ ամենը լուծում վաղը կամ գուցե կես ժամից երկու ճակատով ներխուժման խնդիրը։

Մենք բոլորս տեսել ենք, թե ինչպես էր հնարավոր 92-94 թվականներին երկու տարվա մեջ պատերազմին զուգահեռ ոչ մի բանից բանակ ստանալ։

Ինչո՞ւ սա հնարավոր չէր հիմա՝ վերջին երեք տարիներին։ Մանավանդ, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ լավ ծեծ կերած էինք, բայց այնպես էլ չէր, որ բացարձակ 0 էինք, ինչպես 91-92-ին։

Վերացականանք աշխարհաքաղաքական կոնտեքստից։ Խոսքը զուտ բանակաշինության ու ավելի լայն իմաստով պետականաշինության տեմպերի ու, որ ամենակարևորն է, փիլիսոփայության մասին է։

Հռչակագիրը, 3-րդ հանրապետությունը, օրհներգը, պատմական արդարությունը, զինանշանը ու մեր հաղորդման ժամանակ կասկածի տակ առնված այլ բաները մեղավոր չեն, որ մենք չենք կարող լինել սովորական երկիր, իսկ մեր իշխանությունը սովորական երկրի իշխանություն է, ու գուցե նույնիսկ հաջողեր Արևելյան կամ Կենտրոնական Եվրոպայի երկրներից որևէ մեկում, որի գոյության իրավունքը որևէ մեկի կողմից երբեք չի վիճարկվել ու հիմա էլ չի վիճարկվում։

Մեր դեպքն այլ է, ու մեր զինանշանը, օրհներգը, հռչակագիրը․․․ մեր ինքնությունը կրում են այդ այլությունը և ձևակերպում այլևս երբեք ցեղասպանված չլինելու մեր միակ պետական նպատակը։ Մնացածն ածանցյալ է, ու պետք չէ պատճառներն ու հետևանքները տեղերով փոխել։

Հայաստանը չի կարող լինել սովորական երկիր, որի հերոսը լինելու համար հերիք է բարեխիղճ հարկատու լինել։

Դանիել Լեմկինը՝ «ցեղասպանություն» բառի հեղինակը, իր առաջարկած եզրույթը հետևյալ կերպ է սահմանում․ «Ցեղասպանությունը տարաբնույթ գործողությունների ներդաշնակված ծրագիր է՝ ուղղված ազգային խմբերի գոյության համար կենսականորեն կարևոր հիմքերի ոչնչացմանը և այդ խմբերի ոչնչացմանը որպես այդպիսին»։

Արդյո՞ք հայ անունը կրող ազգային խմբի գոյության համար կենսականորեն կարևոր հիմքեր չեն Հռչակագրի, Զինանշանի, Օրհներգի խորհուրդներն ու պատմական արդարության զգացողությունը։

Բայց այդ հիմքերով, թե առանց դրանց, մեր հետևից, միևնույն է, գալու են։ Ինչպես նացիստները եկան անգամ հավատափոխ հրեաների հետևից։ Այնպես որ, բնավ ավելորդ չէր լինի վերջին երեք տարում գոնե վառոդ արտադրել սովորել։

Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում հաղորդման համար, որն անկասկած պիտի ավելի որակյալ լիներ։ Կջանանք դառնալ ավելի լավը։

Հարգանքով՝
Գարեգին Խումարյան
Գործադիր տնօրեն
Հայաստանի հանրային ռադիո»։

դիտվել է 6773 անգամ
Լրահոս
Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի Երևանում ոչ սթափ, կիսամերկ տղամարդը խուլիգանություն է արել ոստիկանների ներկայությամբ Ես սրանց սրբապղծության դաշտ չեմ մտնի․․․ շատ հավանական է՝ Փաշինյանը խայծ է գցել․ Գառնիկ Դավթյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալված փաստաբանը Էդգար Հակոբյանն է Արդեն ամեն ինչ բաժանված է. ի՞նչ է Մոսկվայում սպասվում Փաշինյանին․ Հայկ Նայապետյան (video) Թուրքիայից Հայաստան իրականացվել է 1 մլն 336.000 դոլարի արտահանում Ռուբինյա՛ն, Փաշինյանի հետ ձեր ասածի համար տարաձայնություն եք ունենալու․ Արամ Վարդևանյան (video) «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին․ 1 հոգի հոսպիտալացվել է Եղոյանին ասե՛ք՝ լռի․ Արթուր Խաչատրյանի խոսքի ժամանակ ՔՊ-ականները խառնվեցին (video) Բաքվին երբեք այդքան էմոցիոնալ չեք արձագանքում, ինչքան ՀԱՊԿ-ին կամ Բելառուսին. Վարդևանյանը՝ ՔՊ-ին (video) «Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի․ ի՞նչ է արել Փաշինյանը»․ Գևորգ Գևորգյան (video) Իրանը հաստատել է, որ տարածաշրջանային երկրների հետ հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով Արմավիրի մարզպետի 30 հազոր դոլարանոց «Ռոլեքս» ժամացո՞ւյցն եք արտահանել Ինդոնեզիա․ Էդգար Ղազարյան (video) Ձեր ի՞նչ գործն ա էս հարցը․ Արթուր Խաչատրյանը հեգնեց (video) Կրեմլը ողջունել է Թրամփի կոչը Զենելսկուն «Էս զոհերը պետք էին, որ Մարիամիկը ձիուն պաչի, լեզուն դուրս քցի, ու․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Մակրոնը կմեկնի Իսպանիա Հարցիս կոնկրետ պատասխան տվեք․ Ագնեսա Խամոյանը «պատին դեմ տվեց» (video) Առուշը միշտ էլ նիկոլական է եղել․ Նաիրա Զոհրաբյանը պատմություն պատմեց (video) Ֆինլանդիան միացել է միջուկային զսպման Ֆրանսիայի նախաձեռնությանը Ցույց տվեք ՀԱՊԿ-ի այլընտրանքը․ մենք էլ հարցեր ունենք․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ին (video) Խաղաղության կառուցումը պահանջում է պատասխանատու խոսք և գործողություններ. «Խաղաղության կամուրջ» Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ Կարապետյան (video) Իրանում Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կանչվել է ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am