Լուսանկարներ հրապարակելը կրկնակի դատապարտելի է. նախարար
Կարմիր գրքում գրանցված անգղների հետ լուսանկարված տղամարդկանցից մեկը Արմավիրի մարզի Շենավան գյուղի գյուղապետ Արթուր Մկրտչյանն է: Այս հարցի շուրջ խոսելով՝ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ արարքը դատապարտելի է և մեղավորները պետք է խստագույնս պատժի ենթարկվեն: «Ոչ միայն դատապարտելի է, պետք է խստագույնս պատժի ենթարկվեն անձիք, ովքեր կենդանական աշխարհի նկատմամբ նման վայրագություն են ցուցաբերում, սա իսկապես վայրագություն է, իսկ հրապարակել գործողությունների հրապարակումը կրկնակի դատապարտելի պետք է լինի: Երեկ հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության հետ համատեղ եւ նաեւ տեսչական մարմնի ներգրավմամբ ձեռնարկվել են գործողություններ եւ որ ոստիկանությունը շատ արագ պարզել է, որ պետհամարանիշը խոտանված է դեռ 2013 թվականից»,- հայտնեց նա: Մինասյանը նաեւ ասաց, որ հայտնի չէ, թե որ տարածքում է տեղի ունեցել դեպքը, բայց ենթադրեց, քանի որ անգղի այս տեսակները կան Լոռու եւ Սյունիքի մարզում, ապա հավանաբար այդ շրջանում է եղել դեպքը:
