Գասպարին չի լռում. նա դեռ ազատության մեջ չէ
Վարդգես Գասպարին ազատության մեջ չէ: Այս մասին հայտնում է Գասպարիի պաշտպանը՝ Դավիթ Գյուրջյանը: Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում պաշտպանը տեղեկացրեց, որ նրան Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից ազատ չեն արձակել, այլ տեղափոխել են Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ շարունակվելու է գործով դատական նիստը: «Հավանաբար Դատարանի դահլիճից նրան ազատ կարձակեն»,-ասաց պաշտպանը: Արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն այսօր դռնփակ նիստում որոշել է բավարարել Վարդգես Գասպարիի պաշտպանական կողմի բողոքը եւ բեկանել նրան կալանավորելու մասին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Հիշեցնենք, Գասպարիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականի ապրիլի 7-ին վարչական դատարանում ոստիկանության երկու աշխատակիցների հասցեին հնչեցրել է հետեւյալ արտահայտությունները` «Դուք հանցագործ սրիականեր եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը, բավական է մարդասպաններին ընդհուպ մինչեւ Վովա Գասպարյանին թաքցնեք Ձեր փեշի տակ, վեց տարի ա ինչ եք անում, թափթփուկներ, հանցագործներ»: Աստղիկ Ավագյան
