Բժիշկի թուղթ ունեմ. Խոսրով Հարությունյան
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ըստ «Parliament monitoring» ՀԿ-ի Ազգային ժողովի նիստերին պարտաճանաչ չներկայացողներից է նաեւ իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: ՀԿ-ի տվյալներով՝ Հարությունյանը 32 անգամ 6-րդ գումարման ԱԺ-ում չի քվեարկել: Armtimes.com-ը Հարությունյանից հետաքրքրվեց, թե որն է բացակայությունների պատճառը: Մերն հարցադրումը զարմացրեց Հանրապետական պատգամավորին: Խոսրով Հարությունյանի հետ armtimes.com-ի զրույցը ներկայացնում ենք ստորեւ: – Պարոն Հարությունյան, ըստ «Parliament monitoring» ՀԿ-ի դիտարկման, դուք ԱԺ նիստերին պարտաճանաչ չներկայացող պատգամավորներից եք: Ինչու՞ եք բացակայում: – Ե՞ս: Որտեղի՞ց եմ բացակայել: – Ազգային ժողովի նիստերից: – Ե՞րբ եմ բացակայել: – «Parliament monitoring» ՀԿ-ի կայքում նշված է, որ դուք 32 անգամ չեք քվեարկել, այսինքն՝ բացակայել եք: – 32 անգամ բացակայե՞լ եմ ԱԺ նիստերից: Ես ընդամենը յոթ նիստի չեմ եկել, որը հարգելի է, բժշկի թուղթ եմ բերել, վիրահատվել եմ: Հիշեցնենք, որ նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ամենաշատն ԱԺ նիստերից բացակայել են Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
