Ընտրել ենք ՀԱՊԿ-ն, որովհետև այլընտրանք չկա. Շարմազանով
««Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը բխում է Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգից Սա և՛ տրամաբանական է, և՛ օրինաչափ։ Հայ-ռուսական հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ, Հայաստանը և Ռուսաստանը դաշնակիցներ են ու գտնվում են անվտանգային նույն դաշտում՝ ՀԱՊԿ-ում», - Ազգային ժողովում հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Գաղտնիք չէ, որ հայ-ռուսական միացյալ զորախումբը գործում է ու ամենևին էլ պետք չէ զարմանալ, որ կա նման զորախումբ և «հայ-ռուսական զինված ուժերը միասնական կպայքարեն սպառնալիքների դեմ»:Միասնական անվտանգության համակարգը՝ ՀԱՊԿ-ն, որի կազմում են և Ռուսաստանը, և Հայաստանը, չի կարող փոխվել, իսկ դա բխում է Հայաստանի ռազմական դոկտրինից », - հայտարարեց ԱԺ փոխնախագահը։
«Հայաստանի Հանրապետությունը թուրք-ադրբեջանական սպառնալիքի դեմ չի կարող իրականացնել իր պաշտպանությունը, և դրա համար մենք պետք է լինենք կամ այս, կամ այն ռազմաքաղաքական բլոկի անդամ։ Մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ն, որովհետև այլընտրանք չկա։ ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է, իսկ մենք այնտեղ անելիք չունենք», - հավելեց Շարմազանովը։
