«Ինձ պարզ է, որ սա շինծուն մեղադրանք է, սուտ է». Անդրիաս Ղուկասյան
«Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի գործով այսօր հրապարակվեց մեղադրական եզրակացությունը: Նա մեղադրվում է նախորդ տարվա հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու, «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու, նրանց միանալու, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրելու, պահելու փորձի մեջ, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: Ըստ ընթերցված մեղադրական եզրակացության՝ Անդրիաս Ղուկասյանը, Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը Ազատության հրապարակում հանդես են եկել ելույթներով ու մարդկանց կոչ արել սատարել ՊՊԾ գունդը զավթած մարդկանց, իսկ Անդրիաս Ղուկասյանը մարդկանց կոչ է արել նաեւ ճանապարհին քարեր վերցնել ոստիկանների վրա նետելու համար: «Ինձ պարզ է, որ սա շինծուն մեղադրանք է, սուտ է»,- հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը: Առաջադրված 4 հոդվածներով էլ Անդրիաս Ղուկասյանը իրեն մեղավոր չի ճանաչում: Դատական նիստը կշարունակվի հոկտեմբերի 10-ին:
