Այս իշխանության երազանքների գագաթնակետը Ռուսաստանի անվան Հայաստանի Հանրապետություն դառնալն է. Արամ Սարգսյան
Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ նիստին ներկայացրեց իրենց նախագիծը` ԵՏՄ կազմից ՀՀ դուրս գալու մասին եւ այդ նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին։ Նա իր ելույթում հայտարարեց, որ իրենց փաստարկներին հակափաստարկներ չեն հնչել. «Եվ, ի վերջո, վերլուծաբաններ են հայտնվել, որոնք հայտարարում են, թե այս նախաձեռնությունը ձեռնտու է նաև իշխանություններին, չե՞ք տեսնում` ինչ դեմքով են իշխանության ներկայացուցիչները մասնակցում այս քննարկմանը։ Ի վերջո, հարգելի իշխանության ներկայացուցիչներ, եթե ձեզ ձեռնտու է, ինչո՞ւ եք դեմ»: Հայաստանում չի եղել իշխանություն, որ Նոբելյան մրցանակակրի մակարդակով չներկայացնի իր տեսլականը՝ չխնայելով ածականները՝ հավելելով, որ դրա համար ժամանակ է պետք, հայտարարեց «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը։ «Դուք այսօր ինչպե՞ս 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո կարող եք փառաբանել աշխարհի եվրասիական հատվածը, որտեղ դրախտավայր է, որի դուռը միայն ձեզ համար արդարացված բացվեց գիշերով։ Ձեզանից որևէ մեկը կասի՞ թե քանի երեխա չի ծնվել Հայաստանում, որովհետև տան տղամարդը մեկնել է արտագնա աշխատանքի, քանի՞ երեխա է մեծանում որբի կարգավիճակով նույն պատճառով, քանի՞ կին է ստիպված տան տղամարդ դարձել։ Գիտե՞ք՝ որն է մեր ու ձեր տարբերությունը, մենք ուզում ենք, որ հայը մնա Հայաստանում», - հայտարարեց Արամ Սարգսյանը: Նա ասաց, որ իրենք Հայաստանը չեն տեսնում «սպասարկման ոլորտում կամ որպես հումք արտահանող», այլ ցանկանում են Հայաստանում արդյունաբերություն զարգացնել, իսկ գյուղատնտեսությունը չդարձնել «լոլիկի, ծիրանի ու խաղողի գերի»։
