Նոր մանրամասներ Մերձմոսկվայում երիտասարդ հայ գործարարի սպանությունից
Մերձմոսկվայի Շելկովոյի շրջանի Օբրազցովո բնակավայրում գնդակահարվել է Հայաստանի քաղաքացի, գործարար Սերգեյ Մկրտչյանը: Սպանության ականատես է դարձել գործարարի ընկերը՝ 36-ամյա Բաղդասարյանը, ով վնասվածք է ստացել ոտքի շրջանում: Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց՝ փամփուշտը վնասել է արյունատար անոթը: 34-ամյա Սերգեյ Մկրտչյանի դին, կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնաբերվել էր «Օխոտնիչիյ դվորիկ» սրճարանի հարևանությամբ՝ Lexus GX մակնիշի ավտոմեքենայում: Նշվում է, որ մեքենային է մոտեցել անհայտ տղամարդ ու 5 անգամ կրակել գործարարի վրա՝ չթողնելով ողջ մնալու ոչ մի շանս: Մկրտչյանի վարորդն ավելի ուշ հայտնել է, որ մարդասպանն ունեցել է մոտ 180 սմ հասակ, կրել է մուգ գույնի հագուստու դեպքի վայրից հեռացել է մոխրագույն «ՎԱԶ 2114» ավտոմեքենայով: Ինչպես գրում է mk.ru-ն, հնարավոր է՝ հայ գործարարի հետ, ով ավելի քան 20 տարի բնակվում էր Մերձմոսկվայում, հաշվեհարդար են տեսել բիզնեսի նրա մասնաբաժնի պատճառով: Մկտչյանի ծանոթները բացատրել են, որ նա վերջին 3 տարում գլխավորել է «Մեդկոմ» ՍՊԸ-ն, որը գործում էր Շելկովոյի շրջանում ու մասնաճյուղ է ունեցել Մոսկվայում: Սակայն գործարարը բիզնեսում միայն մասնաբաժին է ունեցել ևս մի քանի հոգու հետ: Ընկերությունը ձևակերպել է բժշկական տեղեկանքներ, վարորդական վկայական ստանալու համար տեղեկանքներ է տրամադրել։ Ծառայությունների գները եղել են նորմալ, ընկերությունը եղել է մրցունակ ու գործել է օրինական դաշտում: Նշվում է, որ գործարարի գործերը վերջին շրջանում լավ վիճակում են եղել, ոչ մի սպառնալիք նա չի ստացել: Նշվում է, որ գուցե նա մասնակցել է այլ բիզնես-նախագծերի: Ներկայում իրավապահներն ուսումնասիրում են թղթաբանությունն ու զոհի շրջապատը: Հարուցվել է քրեական գործ «սպանություն» և «զենքի անօրինական ձեռքբերում, պահում» հոդվածներով: Աղբյուրը <a href="http://168.am/2016/02/26/601453.html">© 168.am</a></br>
