18 տարեկանում չզորակոչվածներից հետագայում ծառայության է զորակոչվում 16-17 տոկոսը. Վիգեն Սարգսյան
«18 տարեկանում չզորակոչվածներից հետագայում զինվորական պարտադիր ծառայության է զորակոչվում միայն 16-17 տոկոսը Այժմ մենք զորակոչում ենք 18 տարին լրացած քաղաքացիներին, ովքեր սովորում են ինչպես վճարովի այնպես էլ` անվճար համակարգում, եթե չունեն տարկետման իրավունք: Պետք է վատ թիվ հնչեցնեմ` 18 տարեկանում չզորակոչվածներից հետագայում զինվորական ծառայության է զորակոչվում 16-17 տոկոսը: Դա նշանակում է, որ առաջին ակադեմիական տարկետումը հիմք է դառնում բոլոր մնացած տարկետումների ու հետագայում բանակում չծառայելու համար», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն` անդրադառնալով տարկետման իրավունքի տրամադրման առաջարկվող նոր հայեցակարգին ու «Զինվորական ծառայության» ու «Պաշտպանության» մասին ՀՀ օրենքներում առաջարկվող փոփոխություններին: «Տարկետման իրավունքի վերաբերալ ՊՆ քաղաքականությունը ներառված է «Պատիվ ունեմ» ծրագրում, «Պաշտպանության» և «Զինվորական ծառայության» մասին օրենքի նախագծերում :Առաջարկում ենք տարկետում տրամադրել այն քաղաքացուն, ով որոշում է կայացնում, որ բակալավրիատն ավարտելուց հետո պատրաստ է 3 տարի ծառայել որպես սպա, ստանալ դրա համար աշխատավարձ և ստանալ պետությունից լիովին փոխհատուցում, թե իր բակալավրիատի ուսուցման, թե հետագայում նաև մագիստրատուրայի, ընդ որում` նաև արտերկրի լավագույն բուհերում` «Լույս» ծրագրի շրջանակներում:«Սա արդար ծրագիր է», քանի որ բացառում է ինչպես տարկետման տրամադրման գործընթացում հնարավոր անարդարություններն, այնպես էլ կարողանում է կարգավորել մի շարք խնդիրներ», - ասաց պաշտպանության նախարարը: «Սրանով մենք նաև կարողանում ենք առանց ՌՈւՀ-երի ընդունելության կտրուկ ավելացման ու հասարակության ավելորդ ռազմականացման, տալ հնարավորություն կրտսեր սպայական կազմում ծառայել քաղաքացուն, ով ունի այլ մասնագիտություն ու ծառայության ավարտից հետո կաշխատի իր մասնագիտությամբ», - ասաց Վիգեն Սարգսյանը:
