Ո՛չ վարչապետը, ո՛չ էլ ես չենք պատրաստվում գնել տրանսպորտի նախարարության աճուրդի հանված շենքը.Վահան Մարտիրոսյան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հերքում է տարածված լուրերը, թե պատրաստվում է ձեռք բերել տրանսպորտի և կապի նախարարության աճուրդի հանված շենքը։ «Մի քանի անգամ արդեն անդրադարձել ենք այդ հարցին, դա չի համապատասխանում իրականությանը», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարար Վահան Մարտիրոսյանը։Նախարարն ասաց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ևս չի պատրաստվում ձեռք բերել շենքը։ Նա տեղեկացրեց, որ հայտարարված աճուրդին մասնակիցներ չեն եղել: «Մամուլում նշվում է, որ դա միտումնավոր է արվում, որ աճուրդից աճուրդ գինը նվազեցվի, ասեմ, որ նման բան չկա, նույն գնով ներկայացվում է»,-ասաց Վահան Մարտիրոսյանը: ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 3-ի որոշմամբ օտարման ենթակա «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված պետական սեփականություն հանդիսացող շենքը սեպտեմբերի 19-ին հանվեց աճուրդի: Աճուրդի մեկնարկային գինը սահմանված է՝ 13 223 400 652 ՀՀ դրամ: Սեպտեմբերի 19-ին աճուրդին մասնակցող չի եղել:
