Այսօր Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Մեկ շաբաթ տևած լարված նախընտրական քարոզարշավից հետո Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: The Guardian պարբերականը նշում է, որ Իրանի խորհրդարանի (մեջլիս) 290 տեղերի համար պայքարում են ներկայում իշխանության ղեկին գտնվող պահպանողականներն ու նրանց ընդդիմադիրները` ռեֆորմիստները: Հայտնի է, որ ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 08:00-ին ու փակվելու են 18:00-ին, սակայն չի բացառվում, որ ընտրական գործընթացը երկարի։ Ըստ Իրանի ներքին գործերի նախարարության տվյալների՝ երկրի 80 մլն բնակչությունից մոտ 55 մլն-ն ընտրելու իրավունք ունի: Հայտնի է, որ խորհրդարանի 290 տեղերի համար կպայքարի մոտ 5.000 թեկնածու։ Իրանի 10-րդ գումարման Մեջլիսի ընտրություններին առաջադրված 9 իրանահայ թեկնածուներից երկուսն ինքնաբացարկ են հայտնել: Արդյունքում 7 իրանահայեր կպայքարեն օրենքով հատկացված երկու տեղերի համար: Նշենք, որ թեկնածուներից մեկն ընտրվելու է հյուսիսային հատվածից, մյուսը՝ հարավային:
