Իրանը կփոխարինի Թուրքիային. «Ռոստուրիզմ»
Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է ռուս զբոսաշրջիկների համար անվտանգ այլընտրանք դառնալ Եգիպտոսի և Թուրքիայի փոխարեն։ Նման կարծիք է հայտնել ՌԴ զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավար Օլեգ Սաֆոնովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: «Իրանը մշակութային առումով շատ հարուստ երկիր է։ Այցելելով Իրան` պետք է հաշվի առնել, որ դա իսլամական հանրապետություն է, և այնտեղ գործում են շարիաթի օրենքները: Սակայն դա, իհարկե, անվտանգ և բարեկամական երկիր է, շատ հետաքրքիր` հնագույն մշակույթի տեսանկյունից: Կան շատ քաղաքներ, ուր կարելի է այցելել»,- ասել է պաշտոնյան: Սաֆոնովը վստահություն է հայտնել, որ Իրանն այժմ հետաքրքրված է Ռուսաստանից հոսքի ավելացման հարցում և աշխատում է ռուս քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ: «Մեր որոշ քաղաքացիների համար վիզային ռեժիմն արդեն հեշտացվել է՝ գործարարների, գիտաշխատողների։ Իրանական կողմը շատ ակտիվ առաջ է տանում վիզային ռեժիմի ազատականացման գաղափարը: Հավանաբար, դա շատ ճիշտ ուղի է, որով կարելի է գնալ»,- ասել է «Ռոստուրիզմի» ղեկավարը:
