7 մլն. 200 հազար դրամ՝ երկօրյա գիտաժողովին
Hraparak.am-ը գրում է. Սեպտեմբերի 19-ին Մատենադարանում անցկացվել է «Տպագրության մարգարիտ» խորագիրը կրող միջազգային գիտաժողով՝ նվիրված Ոսկան Երևանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակին: Երկօրյա միջազգային գիտաժողովին, որը, ի դեպ, դրսից միայն 3 մասնակից է հյուրընկալել, կառավարությունը հատկացրել է 7 մլն․ 200 հազար դրամ։ Գիտաժողովի նախագահողը եղել է Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, ով գիտաժողովի մասնակիցներին ապահովել է նաև իր հեղինակած, այսպես ասած՝ «մասնագիտական գրականությամբ»։ Խոսքը 2015-ին հրատարակված «Воскан Вардапет Ереванци - Жизнь и печатная деятельность» գրքի մասին է, որը գիտաժողովի մասնակիցների ուշադրությունը գրավել է գրքի վերնագրի ռուսերեն սխալ թարգմանությամբ, մասնավորապես՝ «տպագրական գործ» բառակապակցությունը բառացի թարգմանվել է «печатная деятельность»՝ փոխանակ լինելու «издательская» կամ «типаграфская»: Եվ նմանօրինակ լեզվական սխալները շատ են գրքում, ավելին, մասնագետների դիտարկմամբ, սա մի թեմա է, որի մասին մասնագիտական աղբյուրները շատ են, և, ըստ էության, գիրքն էլ տարբեր տեղերից ծաղկաքաղ է հիշեցնում, որը կազմված է տուրիստական ուղեցույցի մակարդակով։ Ի դեպ, գիրքն ունի խմբագիր, թարգմանիչ, և ուշագրավն այն է, որ հրատարակվել է Մատենադարանի կողմից։ Ինչը նշանակում է, որ այն պետք է արժանացած լիներ Մատենադարանի գիտխորհրդի հավանությանը։ Իսկ սա արդեն 2 դեպքում էլ բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Մանրամասները՝ այստեղ:
