«Գնթունիք»-ի Կարենի թեկնածությունը հաստատվել է առանց էմոցիաների. Նախկին մարզպետը նահանջել է
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն վերջնական որոշում է կայացրել նաեւ Ապարանի համայնքապետի ընտրությունների ժամանակ իր թեկնածուի հարցում. Ապարանում ՀՀԿ թեկնածուն կլինի «Գնթունիք» ընկերության սեփականատեր Կարեն Եղիազարյանը: ՀՀԿ Արագածոտնի մարզային կառույցի ղեկավար Սարգիս Սահակյանը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը: ՀԺ-ն գրել էր, որ Ապարանում Կարեն Եղիազարյանի թեկնածությանը սատարում էին Ապարանում «կշիռ» ունեցող ՀՀԿ-ականների մեծ մասը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, բայց Եղիազարյանի թեկնածությունը, ինչպես նշում է մեր աղբյուրը, ՀՀԿ Արագածոտնի մարզային կառույցի ղեկավար, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի սրտով չէր: Եվ թե ով կլիներ Ապարանում ՀՀԿ-ի թեկնածուն, պետք է որոշեր ՀՀԿ «ամենագլխավորը»: Մեր տեղեկություններով, թեեւ նախապես սպասվում էր, թե կողմերից յուրաքանչյուրը պետք է փորձի ամեն ինչ անել, որ իր ներկայացուցիչը առաջադրվի որպես ՀՀԿ թեկնածու, եւ այդ համատեքստում կրքերը կարող են փոքր-ինչ բորբոքվել, հարցի քննարկումն անցել է շատ հանգիստ՝ առանց ավելորդ էմոցիաների ու կրքերի, եւ կայացվել է Կարեն Եղիազարյանի թեկնածությունն առաջադրելու որոշումը: Ի դեպ, Սարգիս Սահակյանը շատ հանգիստ էր խոսում Կարեն Եղիազարյանի թեկնածությունը հաստատվելու վերաբերյալ՝ ցույց տալով, որ ամեն ինչ նորմալ է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
