Կրկնվելու է «Հաց բերողի» պատմությունը
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյան հեռացվեց նիստերի դահլիճից, քանի որ ցանկանում էր հայտարարությունը նստած անել։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը նրա նկատմամբ կրկին սանկցիա կիրառեց՝ 4 ժամով հեռացնելով նիստերի դահլիճից։Այնուհետև ամբաստանյալ Ներսես Պողոսյանի փասատաբանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի իր պաշտպանյալին գրավով ազատ արձակեն: Դատավորը կես ժամով հեռացավ խորհրդակցական սենյակ և վերադառնալով մերժեց միջնորդությունը: Դատավորի որոշումից հետո Ներսես Պողոսյանը հայտարարությամբ հանդես գալու իրավունք խնդրեց. «Դուք հնարավոր է փախնեք՝ թողնելով ձեր մամային անկողնային վիճակում, ձեր երեք երեխաներին անտեր, բայց ես ու իմ շրջապատում նման մարդիկ չկան: Պարոն գլխավոր դատախազին կփոխանցեք, որ ես անժամկետ հացադուլ եմ հայտարարում և այս անգամ իր կուտը չեմ ուտի, հենց այդպես էլ Արթուրին կփոխանցեք, պարոն մեղադրող դատախազ և կրկնվելու է «Հաց բերողի» պատմությունը»,-ասաց Ներսես Պողոսյանը:
