Ի՞նչ բիզնես. նորանշանակ նախարարն անկեղծացավ /տեսանյութ/
Կրթության եւ գիտության նորանշանակ նախարար, ՀՅԴ–ական Լեւոն Մկրտչյանը վստահեցնում է, որ ինքը բիզնեսով չի զբաղվում։ Փետրվարի 25-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Լեւոն Մկրտչյանը հայտարարեց, որ թեեւ ազատագրված տարածքներում հիդրոկայանների շինարարությունում իր ընտանիքը ներդրումներ է արել եւ մասնաբաժին ունի դրանցում, սակայն ինքը բիզնեսմեն չէ։ «Ես բիզնեսմեն չեմ, երբեք չեմ էլ եղել: Մենք մի քանի ներդրում ունենք ազատագրված տարածքներում, բայց ընդամենը 3-4 տոկոս»,- նշեց արդեն չորրորդ անգամ նախարար դարձած Մկրտչյանը: Լեւոն Մկրտչյանը փաստեց, որ սուտ են նաև Երևանում իր մեծ տարածքներ ունենալու մասին լուրերը։ «Մենք երեւանցի ենք` իմ ընտանիքը, եղբայրները, հորեղբոր տղաները, ամեն մեկը այս երկրում ապրում է, եւ եթե բարեկամական ամբողջ փաթեթը գրեն մեկի վրա, դա ճիշտ չէ»,-հայտնեց նա: Նորանշանակ նախարարը խնդրեց լրագրողներին երկու շաբաթ տալ իրեն: Անդրադառնալով կրթական ոլորտի խնդիրներին ` Լևոն Մկրտչյանը նշեց, որ այդ խնդիրները մեզ ուղեկցում են 15-20 տարի: «Միայն մեկ չափանիշ կա՝ պրոֆեսիոնալիզմ, և հենց այդ չափանիշով էլ կառաջնորդվեմ»,- ասաց նախարարը: Հարցին, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում դպրոցի տնօրեններ դաշնակցականներ նշանակվեն, Լևոն Մկրտչյանը պատասխանեց. «Ինձ համար կրթության համակարգի ցանկացած պաշտոնյայի համար առաջին չափորոշիչը պրոֆեսիոնալիզմն է: Ուզում եմ հստակ հայտարարել` իմ գործունեության ընթացքում այլ չափանիշ չի լինի: Եթե մարդն իր պաշտոնին բավարարի՝ իր փորձառությամբ, գիտելիքներով, եթե երիտասարդ է, ու ժամանակ է պետք, խնդիր չկա, և եթե մարդը ճիշտ կադր է ու ճիշտ տեղում է, ամբողջությամբ երկրորդական է նրա կուսակցական պատկանելությունը: Կրթական համակարգը պետք է հնարավորինս ապակուսակցականացնել, որ տնօրեններն ու ուսուցիչները զբաղվեն կրթության որակի հարցով, դա առաջնային է»,- ընդգծեց Լևոն Մկրտչյանը: Հարցին, թե ճի՞շտ են լուրերն այն մասին, թե ԿԳ նախարարի պաշտոնի համար պայքարն ընթացել է իր և դաշնակցական Լիլիթ Գալստյանի միջև, Լևոն Մկրտչյանը պատասխանեց. «Դաշնակցությունում պաշտոնների համար պայքար չի գնում: Մենք լավ կադրային բազա ունենք, և, Լիլիթ Գալստյանից բացի, որին շատ սիրում և հարգում եմ, այս պաշտոնի համար ես կարող եմ մատնանշել ևս 5-6 հոգու»: Աստղիկ Ավագյան Մանրամասները` տեսանյութում:
