Ղարաբաղ այցելած թուրք 4 մտավորականներին կարտահանձնեն Ադրբեջանին. Ադրբեջանցի պատգամավոր
Հայաստանի տարածքով Արցախ այցելած գրող Սայիթ Չեթինօղլուի, քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի եւ Էրոլ Քաթըրջըօղլուի քայլը «դավաճանություն է ոչ միայն եղբայրական Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի հանդեպ»: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդըն Հուսեյնովը: Հուսեյնովը ցանկություն է հայտնել, որ թուրք մտավորականներին արտահանձնեն Բաքվին. «Թուրքիան եւ Ադրբեջանը եղբայրական պետություններ են: Վստահ եմ՝ շուտով նրանց կարտահանձնեն Ադրբեջանին»: Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության պատգամավորներից Աթիլլա Քայանը ևս դատապարտել է թուրք մտավորականների այցն Արցախ և անվանել նրանց «ծպտյալ հայեր»: Ինչպես ասել է՝ նրանք դավաճանել են Թուրքիան՝ Արցախում անելով հայամետ հայատարարություններ, որոնք աջակցում են «Ադրբեջանի 20 տոկոսն օկուպացրած Հայաստանին»: Այս մասին գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
