Նոր մանրամասներ Մնջոյան անվան ինստիտուտի խոշոր հրդեհից
Այսօր Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի նկուղում հրդեհ էր բռնկվել: Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և ԲՊԱՀՎԿՎ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի օպերատիվ խումբը: Լրագրողների հետ զրույցում ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանը տեղեկացրեց, որ այս պահին դեպքի վայրում աշխատում են քիմիկները և շուտով կասեն, թե օդի աղտոտվածության աստիճանն ինչպիսին է, բայց անզեն աչքով էլ երևում է, որ վտանգ չկա: «Շատ արագ հրդեհաշիջում կատարվեց, հրդեհի տարածման վտանգ չկա, այն ամբողջությամբ մեկուսացված է: Կողքը միայն Երևանի քննչական վարչության շենքն է, այդտեղի աշխատակիցները միանգամից տարհանվել են»,-ասաց Նազարյանը: Թե ինչից է հրդեհը բռնկվել, Ներսիկ Նազարյանը նշեց, որ հիմա չեն կարող ասել. «Քիմիկներն աշխատում են՝ մեկ ժամվա ընթացում կպարզեն։ Միայն նկուղն է այրվել»։ ԱԻՆ տեխնածին վթարների բաժնի պետ Կարապետ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նկուղում կան տարաբնույթ քիմիական նյութեր, ռեակտիվներ, սակայն որ նյութն է կոնկրետ այրվել, միանշանակ դժվար է ասել:
