Արցախ այցելած թուրք գործիչները՝Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակ»-ում
haqqin.az-ի փոխանցմամբ,թուրք հասարակական-քաղաքական և մշակութային գործիչների պատվիրակության անդամները, որոնք այցելել են Լեռնային Ղարաբաղ, մտցվել են Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակի» մեջ: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ «սա որոշ թուրք քաղաքացիների անձնական սադրիչ ակցիա էր՝ Թուրքիայի հայկական լոբբիի հովանավորությամբ, և նրանք բոլորն արդեն մտցվել են ԱԳՆ «սև ցուցակի» մեջ: Իսկ Թուրքիայի ԱԳՆ-ից կայքին հայտնել են, որ թուրք քաղաքացիների Լեռնային Ղարաբաղ այցի կապակցությամբ արդեն քննություն է սկսվել: Պարբերականին հաջողվել է խոսել նաև պատվիրակության ղեկավար, «Անկարայի մտածողության հարթակ» հասարակական կազմակերպության նախագահ, խորհրդարանի նախկին պատգամավոր Ուֆուք Ուրազի հետ, որը հայտարարել է, որ մինչև Երեւան այցելելը ինքը զանգահարել է Բաքվում Թուրքիայի դեսպանատուն և զգուշացրել, որ մտադիր է Ղարաբաղ այցելել: «Կոնկրետ պատասխան չստանալով՝ ես Ղարաբաղ ուղևորվեցի»,- պարզաբանել է Ուրազը: Թուրք գործիչը հայտարարել է, որ մեկ անգամ ևս համոզվել է, որ «և՛ մենք, և՛ ադրբեջանցիները, և՛ հայերը երկխոսության պակաս ունենք, մենք պետք է մշտապես շփվենք, որ ինչ-որ եզրակացության գանք»:
