Վարչապետի թանկ փեսան. ամերիկյան կողմն ակնարկել է, որ նա անցանկալի է
«Ժամանակ» թերթը գրում է. «Էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան, շուտով չի համակարգելու վերականգնվող էներգետիկայի ոլորտը: Նրա լիազորությունները փոխվելու են, եւ այսուհետ նա վերահսկելու է գազային ոլորտը՝ ներառյալ Իրան-Հայաստան գազամուղը, որն ավելի եկամտաբեր է: Մեր տեղեկություններով՝ նրա ոլորտային այս տեղափոխությունը պայմանավորված է ամերիկյան կողմի դժգոհություններով: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր ՀՀ-ի վերականգնվող էներգետիկայի ոլորտում 8 մլրդ դոլարի ներուժի մասին: Հայտնի է, որ Կ. Կարապետյանի ընտանիքն ու հատկապես փոխնախարար Հ. Հարությունյանը պաշտոնապես համակարգելուց զատ, սեփական բիզնես պլաններ ունեն վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Ամերիկյան կողմն ուսումնասիրելով ներդրումային հնարավորությունները՝ ըստ էության շահերի բախում է նկատել, այդ պատճառով էլ ակնարկել է վարչապետի փեսայի կողմից էներգետիկայի այդ ճյուղը համակարգելու անցանկալիությունը: Ի դեպ, Հայկ Հարությունյանն այսօր մեկնում է Ծաղկաձոր արեւային էներգետիկայի կայանի բացմանը ներկա լինելու համար: Հավանաբար դա այդ ոլորտում նրա վերջին այցը լինի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
