Լոռու մարզի բնակիչները փոխհատուցում են պահանջում
«Փաստ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 25–ի երեկոյան տեղացած կարկտահարության հետեւանքով Լոռու մարզը տուժել է: Կարկտահարության հետեւանքով մարզի մի շարք համայնքների բնակիչներ վնասներ են կրել: Ղուրսալի համայնքում մոտ 20 տնտեսության բերքը կարկուտն ավերել է: «Հիմնականում տանձ ու խնձորը, բանջարեղենը՝ պոմիդորը, վարունգն է վնասվել: Կարտոֆիլին բան չի եղել, որովհետեւ բոլորը կարտոլը քանդել հանել են արդեն»,– «Փաստ» օրաթերթի հետ զրույցում հայտնեցին գյուղացիները: Մարզում կարկտահարությունից ամենաշատը Սպիտակ քաղաքն է տուժել: Այստեղ մոտ 17 րոպե տեւողությամբ խոշոր կարկուտ է եկել: Դարպաս գյուղը եւս տուժած համայնքների ցանկից է: Կարկուտն այստեղ ոչնչացրել է բանջարեղենն ու ծառապտուղները: Առայժմ տուժած համայնքներում վնասի չափը ճշտվում է, որից հետո այն մարզպետարան կներկայացնեն: Նրանք էլ իրենց հերթին կառավարությանը կդիմեն: Մարզի տարբեր համայնքների տուժած բնակիչները փոխհատուցում են պահանջում: «Մեր ապրուստը գյուղատնտեսությունն է, եթե բերքը կորցնում ենք, զրկվում ենք ձմեռվա ապրուստից: Կաղամբ ենք վաճառում, որ կարողանանք մի երկու կոպեկ փող աշխատել, էդ կաղամբն էլ վնասեց կարկուտը»,– բողոքեցին հողագործները: Տեղի բնակիչները, սակայն, հույս չունեն, որ պետությունը կաջակցի իրենց: Բնական աղետից տուժած համայնքների մեծ մասում հակակարկտային կայանքներ չկան տեղադրված:
