Երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի համակարգի հետ կապված Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Առաջինը վերաբերում էր առցանց մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնմանն ու դրամական վճարներն անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգերը պարզեցնելուն. «2017 թվականի սկզբից գործարկվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի համակարգը, որը հնարավորություն է տալիս 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստը ստանալ առցանց եղանակով՝ ներկայացված դիմումի հիման վրա։ Նշված համակարգից արդեն իսկ օգտվել է շուրջ 15,000 մարդ: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ առկա են խնդիրներ կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացում։ Նշվածը պայմանավորված է բանկերի և համապատասխան պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակության ընթացակարգերի թերություններով և վարչարարության ձևական պահանջներով»: Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը ձեռնարկել միջոցներ՝ ոլորտի անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովող ենթահամակարգի մշակման աշխատանքներն ավարտելու ուղղությամբ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության հարցը քննարկել Կենտրոնական բանկի հետ:
