Ղուկասյանի ձեռքը փող չկա՞. նա դիմել է ԱԺ Երեւանում տուն վարձակալելու գումարի խնդրանքով.ՀԺ
ՀԺ-ն գրում է.Ազգային ժողովի աղբյուրները փոխանցում են, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դիմել է ԱԺ ղեկավարությանը, որպեսզի ԱԺ-ն փոխհատուցի Երեւանում վարձակալած իր բնակարանի գումարը: Մեր այս տեղեկությունն ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց նաեւ պատգամավոր Վարդան Ղուկասյանը: «Օրենքը դա թույլ է տալիս, եւ ես ուզում եմ օգտվել օրենքի՝ ինձ ընձեռած հնարավորություններից»: Նշենք, որ Վարդան Ղուկասյանը մինչ այս աշխատանքի գալիս էր Գյումրիից: Դիտարկմանը, թե ամեն օր Գյումրիից Երեւան գնալ-գալը բա՞րդ է, Ղուկասյանն ասաց. «Դա ու՞մ գործն է, ինչո՞ւ եք իմ անձնականից հարցնում: Եթե ասեմ, որ դժվար է, ո՞վ է օգնելու, դու կարո՞ղ ես մի բանով օգնել»,-ասաց Ղուկասյանը: Հարցին, թե մայրաքաղաքում տուն չունե՞ք, պատգամավորն ասաց. «Չէ, ցավոք սրտի: Ես օլիգարխ չեմ»: Նշենք՝ օրենքը թույլ է տալիս, որ ԱԺ բյուջեից փոխհատուցել պատգամավորի վարձակալած բնակարանի համար: Ինչպես ՀԺ-ին տեղեկացրեց ԱԺ լրատվության վարչության պետ Ասեն Բաբայանը, այդ գումարը չի կարող գերազանցել 100 հազար ՀՀ դրամի սահմանը: Անդրադառնալով Վարդան Ղուկասյանի բնակարաններին՝ նշենք, որ նա Գյումրու սկանդալներով ամենահայտնի «Սլաբոտկա» կոչվող թաղամասում ունի շքեղ երկհարկանի առանձնատուն: Նշենք նաեւ, որ ԱԺ պատգամավորները ստանում են բազային աշխատավարձի`66 հազար ՀՀ դրամի տասնապատիկը: Այն կազմում է 660 հազար ՀՀ դրամ:
